Աղբիւր՝ www.asbarez.com

 

Արեւելեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, թէ Թենըսիի խորհրդարանը մերժել է Ադրբեջանի համակիր շրջանակների կողմից Արցախի անկախութիւնն անտեսելու նպատակով առնւած քայլը՝ մէկ հարւած եւս հասցնելով Բաքւի իշխանութիւնների կողմից նահանգային մակարդակի վրայ կատարւող ապաքարոզչական արշաւին:

Թիւ 145 բանաձեւը ներկայացւել էր խորհրդարանի անդամ Ջօ Թաունզի կողմից, սակայն նրա պաշտօնակիցներից ոչ մէկը չէր երկրորդել բանաձեւը քննելու նրա առաջարկը, ինչի շնորհիւ՝ բանաձեւի քննարկումը մերժւեց:

Թենըսին հանդիսանում է չորրորդ նահանգը, որ վերջին երկու ամիսների ընթացքում պատմութիւնը խեղաթիւրելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացւած բանաձեւը մերժում է: Հաւային, Հարաւային Դաքոթան եւ Վայոմինկն եւս նախապէս մերժել էին Բաքւի եւ նրա գործակատարների քայլերը:

Արեւելեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի վարչութեան ատենապետ Սթիւ Մեսրոպեանը դրւատեց Թենըսիի խորհրդարանի սոյն քայլը եւ ողջունեց այս նպատակով Թենըսիի Հայ դատի յանձնախմբին եւ Հայ դատի գործիչների տարած աշխատանքը:

Բանաձեւի քննարկման առաջարկից մի քանի շաբաթ առաջ իսկ, Թենըսիի Հայ դատի յանձնախմբի ատենապետ Պերճ Պարսումեանը եւ Թենըսիի Հայ դատի յանձնախումբը շրջանի հայութեանն էին դիմել՝ բանաձեւի ձախողութիւնը ապահովելու նպատակով միացեալ աշխատանք տանելու համար. նաեւ, կարելի էր եղել հանդիպումներ ունենալ խորհրդարանի ղեկավարութեան եւ աւելի քան երկվեցեակ երեսփոխանների հետ՝ տեղեկութիւններ փոխանցելով նրանց Արցախի տագնապի եւ Հայաստանի ու Արցախի դէմ Ադրբեջանի որդեգրած ապօրինի շրջափակման ու բռնարարքների մասին: Հանդիպումների մէկ մասին ներկայ է եղել նաեւ Բաքւի 1990-ի ջարդերից վերապրած Էրիք Գրիգորեանը, որ ներկայիս Թենըսիում է ապրում:

Հայ դատի գործիչները հանդիպում էին ունեցել նաեւ բանաձեւը պատրաստած Ջօ Թաունզի հետ, ով մերժել է բանաձեւը քննարկումի չներկայացնելու հայութեան առաջարկը:

«Այսօրւայ (մարտ 25) քւէն ցոյց է տալիս, որ ժողովրդավարութիւնը ծախու չէ»,- յայտնում է Պերճ Պարսումեանը՝ դատապարտելով իր հակահայ արարքները Միացեալ նահանգներ արտածելու Ալիեւի նման բռնատէրի փորձերը:

Արեւելեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, թէ միայն վերջին մէկ տարւայ ընթացքում, Ադրբեջանի իշխանութիւնները հսկայ գումարներ են ծախսել՝ աւելի քան 150 նահանգային խորհրդարանականներ, նաեւ՝ Թենըսիից, ու ամերիկեան կառավարութեան նախկին պաշտօնատարներ սիրաշահելու համար, նրանց դէպի Բաքու պտոյտների տանելով: Թենըսիի «Knoxnews.com» լրատւական կայքը, ինչպէս նաեւ թիւ 5 կայանը, լուսարձակի տակ առան Թենըսիից երեսփոխանների այս պտոյտները:

Հայ դատի յանձնախմբի գործիչները Թենըսիի երեսփոխանների հետ իրենց հանդիպումների ընթացքում ներկայացրել են պատմական փաստեր, որոնք հաւաքւել էին Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի միջոցով՝ ցոյց տալով, թէ նահանգը Հայոց ցեղասպանութեան օրերին յատկանշական օժանդակութիւն էր տրամադրել հայութեան ձեռք երկարող Մերձաւոր արեւելքի նպաստամատոյց միութեանը: Այդ տւեալները կարելի է կարդալ www.anca.org/assets/pdf/Tennessee_NER.pdf կայքէջից։