Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանն իր պաշտօնական եւ ոչ-պաշտօնական լծակներով շարունակում է հանդէս գալ տարբեր յայտարարութիւններով, որոնք պարզապէս փաստում են նրա դիւանագիտական եւ միջազգային ոչ-քաղաքակրթութեան մասին:

Օրերս ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Քեթրին Էշտոնի այցն Իրանում հայկական եկեղեցի անտարբեր չի թողել ադրբեջանցի պաշտօնեաներին: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալութիւնը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նուրուզ Մամեդովը, դրսեւորելով անքաղաքակիրթ վերաբերմունք, հարկ է համարել մեկնաբանութիւն տալ ԵՄ գերագոյն յանձնակատարի գործողութիւններին:

«Կարծես յարգարժան Էշտոնը խօսք է տւել այցելել հայկական եկեղեցիներ բոլոր այն երկրներում, որտեղ լինում է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նուրուզովը:

ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Քեթրին Էշտոնը մարտի 10-ին այցելել է Նոր Ջուղայի սուրբ Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեան անդամները նախ այցելել են որմնանկարներով զարդարւած եւ 350 տարւայ պատմութիւն ունեցող սուրբ Ամենափրկչեան վանքի «Սուրբ Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի: Այստեղ շարականներ է կատարել վանքի «Կոմիտաս» երգչախումբը` Արմէն Ամիրխանեանի խմբավարութեամբ: Էշտոնն ու պատւիրակութեան միւս անդամներն ունկնդրել են շարականներ, ապա դիտել եկեղեցու գունազարդ որմնանկարները: