Աղբիւր՝ www.aztagdaily.com
Թրքական «Իհլաս» լրատու գործակալութիւնը հաղորդում է, որ Վանի Չաթաք շրջանում 100 տարի առաջ հայ հաւատացեալներին ծառայած, իսկ 30 տարի առաջ իբրեւ դպրոց օգտագործւած հայկական եկեղեցին այժմ իբրեւ խոտի պահեստանոց է օգտագործւում:
Պատմական եկեղեցին այժմ ցաւալի իրավիճակի մէջ է յայտնւել: Անտէրութեան մատնւած նախկին եկեղեցին եւ դպրոցը այժմ գիւղացիներն օգտագործում են անասունների ձմեռւայ պաշարը պահելու համար:
Եկեղեցու մէկ մասը, սակայն, տակաւին կանգուն է եւ գիւղացիներն իրենց միջոցներով փորձում են կանխարգիլել դրա փլուզումը:
Գիւղացիներից Սելիմ Կուրպանը պատմում է, որ տարիներ առաջ զբօսաշրջիկներ են եկել եկեղեցին տեսնելու, սակայն դրանից յետոյ ոչ ոք եկեղեցուն «տէր չի կանգնել»: Նա նշել է, որ իրենց ցաւ է պատճառում եկեղեցու վիճակը, եւ պահանջում են վերականգնել այն:
«Այս եկեղեցին շատ յարգելի է մեզ համար, որովհետեւ այն տարիներին, երբ գիւղի մէջ դպրոց չկար, շատերը դպրոցի վերածւած այդ եկեղեցու մէջ նախնական կրթութիւն են ստացել: Մեր գիւղացիներից երկուսը կանխարգելում են եկեղեցու փլուզումը եւ օգտագործում են տարածքը: Եթէ նրանք չլինէին, եկեղեցին վաղուց աւերւած կը լինէր: Նրանք եկեղեցու առաստաղին փայտեր դրեցին եւ տանիքը հողով ծածկեցին: Պահանջում ենք, որ պաշտօնեաները վերականգնեն եկեղեցին եւ այն օգտագործեն զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով»,- ասել է նա: