Աղբիւր՝ www.hyeli.com
Մարտի 8-ի` կանանց միջազգային օրւայ կապակցութեամբ, Կանանց ռեսուրսային կենտրոնը բլոգ է թողարկել` որպէս կանանց միամսեակին նւիրւած միջոցառումների մի մաս:
«30 կանայք` 30 օրում» խորագրով ծրագրի շրջանակներում բլոգում իւրաքանչիւր օր ներկայացւելու է հայ հասարակութեան, մշակոյթի եւ քաղաքականութեան մէջ կարեւոր դեր ունեցած մէկ կնոջ պատմութիւն:
Ինչպէս գրում է Epress.am-ը, ծրագրի առաջին պատմութիւնը արեւելքում առաջին իրանահայ կին դեսպան Դիանա Աբգարի մասին է: Աբգարը (իսկական անունը` Անահիտ Աղաբէկեան) ծնւել է 1859 թւականին Բիրմայում՝ պարսկահայերի ընտանիքում: Մեծացել է Հնդկաստանում: 1889-ին ամուսնացել է առեւտրական Միքայէլ Աբգարի հետ եւ տեղափոխւել Ճապոնիա, որտեղ սկսել է իր գրական գործունէութիւնը: Ամուսինը մահացել է 1906-ին, իսկ նա երեխաների հետ մշտական բնակութիւն է հաստատել ճապոնական Եօկոհամա քաղաքում: 1920 թւականին նշանակւել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպան: Նա Հայաստանի առաջին կին դեսպանն է Արեւելքում:
Աբգարը մի շարք գրքեր եւ խմբագրականներ է հեղինակել մի քանի լեզուներով, իսկ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ օգնել է հայ փախստականներին Սիբիրի եւ Ճապոնիայի տարածքով ԱՄՆ տեղափոխւել: Աբգարը մահացել է 1937 թւականին Եօկոհամայում: