Աղբիւր՝ www.alikonline.ir
Թուրքիայում հայերի գանձեր փնտրողներն այնքան են մասնագիտացել իրենց գործում, որ սկսել են «Իւթիուբ»-ի միջոցով գանձագողութեան դասեր տալ սկսնակներին:
Թուրքական «Թարաֆ» պարբերականն անդրադարձել է գանձագողերի տեսաուղեցոյցներին՝ նշելով, թէ զարմանալին այն է, որ «Իւթիուբ» կայքէջում յայտնւած այդ տեսաուղեցոյցների իւրաքանչիւրի դիտումն անցնում է 10 հազարը:
Տեսաուղեցոյցներից մէկում, որը վերնագրւել է «Հայի տունը գաղտնի գանձարան է», հեղինակը պատմում է, թէ մինչեւ Ցեղասպանութիւնը հայերն իրենց թանկարժէք իրերն ու զարդերը պահել են տանը սարքած յատուկ պահոցներում կամ այգիներում: «Ցեղասպանութիւնից յետոյ որոշ հայեր կարողացել են յետ գալ եւ իրենց գանձերը տանել կամ էլ պատրիարքարան են դիմել եւ պատրիարքարանի միջոցով են իրենց թանկարժէք իրերն ու զարդերը յետ ստացել:
Չնայած դրան՝ դեռ շատ հայերի տներ կան, որտեղ գանձերը մնում են: Հայերի գանձերը գտնելու համար՝ երբեք մի՛ օգտագործէք քարտէզներ կամ նշաններ: Հայերը երբեք դրանք քարտէզում չեն նշել, ո՛չ էլ նշաններ են արել: Հայերի գանձերը փնտրէք տներում եւ այգիներում,- նշւած է տեսաուղեցոյցի մէջ:
Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտրելու տենդ է: Տեղի բնակիչները առիթը չեն կորցնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրւելու «թաքցրած գանձերով»՝ դրանք կիսւելու առաջարկ անելով նրանց:
Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծութիւն՝ քանդելով հայերի գերեզմաններն ու եկեղեցիների հիմքերը: