Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից (CHP-ԺՀԿ) ընտրւած հայ պատգամավւոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնն արգելելու հարցը:
Ըստ Ermenihaber-ի՝ Դողանը մեջլիսի ղեկավարութեանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուին ուղղւած գրաւոր հարցում՝ հետաքրքրւելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:
Հայ պատգամաւորը շեշտել է, որ «Եւա» ֆիլմը պէտք է ցուցադրւեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատօնի շրջանակներում, բայց ցուցադրութիւնն արգելւել է մէկ այլ երկրի պահանջով:
Դողանը թուրք նախարարին ուղղել է հետևեալ հարցադրումները. «Ֆիլմն արդեօ՞ք ուսումնասիրւել է Ձեր նախարարութեան կողմից: Եթէ ուսումնասիրւել է, ապա ֆիլմի ո՞ր դրւագներում են առկայ արգելքի համար հիմք հանդիսացող տարրեր: Եթէ այդպիսի հիմքեր կան, ապա դրանք գործող օրենսդրութեան ո՞ր յօդւածներն են խախտում»:
Դողանն աւելացրել է նաև, որ, կինոփառատօնի թեմային համապատասխանող և կնոջ ապրած անձնական դրամայից բացի, այլ բան չպարունակող ֆիլմի ցուցադրութեան արգելքը կարելի է դիտել որպէս պատասխան այն հարցին, թէ ինչո՞ւ է Թուրքիան մինչև հիմա գիտութեան, արւեստի ու սպորտի բնագաւառներում հետ մնացել միջազգային չափանիշներից:
Յիշեցնենք, որ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնւող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գիւղերից մէկում:
Ֆիլմի ցուցադրութիւնը նախատեսւած է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրութիւնից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը յատուկ գրութեամբ կինոփառատօնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարութեան արգելքի մասին:
Կինոփառատօնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը յայտարարել էր, որ ֆիլմն արգելւել է Ադրբեջանի ղեկավարութեան ակտիւ միջամտութեան հետևանքով: