Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ Միացեալ նահանգների Ներկայացուցիչների տան Արտաքին յարաբերութեան յանձնախմբի ատենապետ Էտ Ռոյսը, Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի առիթով մի յայտարարութիւն է կատարել՝ դատապարտելով քաղաքի հայերին «ահաբեկած վայրագ սպանդները»:

«Այս ողբերգական տարելիցի առիթով, երբ սգում ենք անմեղ կեանքերի կորսուտը, մտահոգութեամբ հետեւում ենք Լեռնային Ղարաբաղի զինեալ վերջին բախումներն ու ադրբեջանցի քաղաքական ղեկավարների կողմից ատելութիւն հրահրելու փորձերը: Յոյժ կարեւոր է, որ ադրբեջանցի ղեկավարները կասեցնեն իրենց հրահրիչ յայտարարութիւնները եւ ամբողջութեամբ նւիրւեն տագնապին խաղաղ մի լուծում գտնելու աշխատանքին»,- աւելացրել է Ռոյսը: