Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը ներկայացել է Անկարայի դատախազութիւն` Եւրոպայում հայերի, ալեւիների եւ քրդերի դէմ մահափորձերի շարքի նախապատրաստման մասին տեղեկութեան գործի շրջանակներում ցուցմունք տալու:
Ըստ Demokrathaber-ի` Փայլանը յիշեցրել է Հրանտ Դինքի սպանութեան դէպքը, որը նոյնպէս թիրախաւորման հետեւանքով էր:
«Այս երկրի պատմութեան մէջ կայ Հրանտ Դինքի սպանութեան իրականութիւնը: Այդ ժամանակ նա նոյնպէս թիրախաւորւեց: Նա իմ ընկերն էր, եւ ես ցանկացայ, որ լքի երկիրը, բայց նա մնաց ու սպանւեց: Իսկ այսօր քաղաքական գործիչների ու մամուլի կողմից թիրախաւորւում են մտաւորականներ: Նրանց թւում է նաեւ Ջան ¬Դիւնդարը (ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագիրը): Գերմանիայից տեղեկութիւններ ստացանք, որ նրանց դէմ մահափորձեր են նախապատրաստւում: Այս թեմայի վերաբերեալ որեւէ ապացոյց ու փաստաթուղթ չկայ, կայ միայն բանաւոր տեղեկատւութիւն»,- ասել է պատգամաւորը:
Նշենք, որ Փայլանին դատախազութիւնում ուղեկցել են նրա փաստաբանները:
Յիշեցնենք նաեւ, որ նա դեռեւս ամիսներ առաջ զգուշացրել էր, որ հայերի, ալեւիների, քրդերի, ինչպէս նաեւ Թուրքիայում ճնշումների հետեւանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտաւորականների ու լրագրողների դէմ մահափորձերի շարք նախապատրաստող ու Թուրքիայից ուղղորդւող յանցախումբն արդէն ցուցակ ունի կազմած: