Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Միացեալ Նահանգների Հարաւային Դաքոթա նահանգի Ներկայացուցիչների տունը մերժել է ադրբեջանցի լոպիիստների ներկայացրած հակահայկական թիւ 1020 բանաձեւը:

«Արմէնփրես»-ը հաղորդում է, որ Քոնգրեսի աղբիւրները Միացեալ նահանգների արեւելեան շրջանի Հայ դատի յանձնախմբին յայտնել են, որ ընդլայնւած քննարկումներից յետոյ, բանաձեւը ներկայացրած քոնգրեսական Լանս Ռասըլն ստիպւած է եղել պաշտօնապէս այն ետ վերցնել: «Ցաւալի է, որ բանաձեւն այսքան հեռու է գնացել, սակայն դրական կողմն այն է, որ Հարաւային Դաքոթայի 105 օրէնսդիրներ ականջալուր եղան հալածւած հայ քրիստոնեաների վիճակին»,- ասել է բանաձեւին դէմ արտայայտւած քոնգրեսական Սթիւ Հիքէյը:

Միացեալ նահանգների արեւելեան շրջանի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Էլեն Ասատրեանը նշել է. «Մենք խորապէս երախտապարտ ենք, որ Միացեալ նահանգների եւս մէկ նահանգի ընտրւած ղեկավարներն ընդդիմացան քարիւղով հարուստ եւ փտած Ադրբեջանի նախագահի ջանքերին` իր հայատեաց արշաւը տարածելու Ամերիկայի սրտի մէջ»:

Թիւ 1020 բանաձեւը յառաջ մղւած էր Իլհամ Ալիեւի կողմից` միջամտելու Հարաւային Դաքոթայի ժողովրդավարական համակարգին: Այն վերաբերում էր Խոջալուի դէպքերին եւ Ներկայացուցիչների տուն էր ներկայացւել 21 փետրւարին:

Միացեալ նահանգների Հայ դատի յանձնախումբը նախազգուշական միջոցների էր ձեռնարկել՝ հակազդելու Ադրբեջանին եւ խոչընդոտելու բանաձեւի որդեգրումը: Յանձնախումբը կոչով դիմել էր Հարաւային Դաքոթայի քաղաքացիներին, որպէսզի վերջիններս կապւեն իրենց Ներկայացուցիչների տան ղեկավարներին եւ ներկայացուցիչների հետ` յորդորելով դէմ քւէարկեն բանաձեւին