Աղբիւր՝ www.alikonline.ir
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը դատապարտել են Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Իրանահայ համայնքի անունից խստօրէն դատապարտում ենք միջազգային օրէնքներին եւ պատմական ու քաղաքական իրականութեանը հակասող, Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշումը: Երուսաղէմը մշտապէս համարւել է Աստւածային կրօնների սրբավայրն ու կենտրոնը, եւ ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին Թրամփի որոշումը սպառնում է տարածաշրջանի խաղաղութեանը, Աստւածային կրօնների միասնականութեանն ու ճնշւած ժողովրդների իրաւունքներին:
ԱՄՆ-ի նպատակային այս գործողութիւնը, որը կատարւել է միջազգային սիոնիզմի դրդմամբ, դատապարտւել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից: Թրամփի անմիտ որոշմանը դիմակայելու եւ այն կասեցնելու նպատակով անհրաժեշտ է Աստւածային բոլոր կրօնների հետեւորդների միասնականութիւնը»,- ասւած է իրանահայ պատգամաւորների տարածած համատեղ յայտարարութիւնում: