Աղբիւր՝ www.alikonline.ir
«ԱԼԻՔ» - Հայկական Անի քաղաքն այժմ գտնւում է Արեւմտեան Հայաստանի կամ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Համանուն թագաւորութեան մայրաքաղաքն այսօր, ցաւօք, աւելի շուտ յայտնի է ոչ թէ իր պատմութեամբ, այլ աւերակներով: Հայերն այդպէս էլ ասում են` Անիի աւերակները:
Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ մոդելաւորմամբ հայկական պատմական եւ մշակութային յուշարձանների եռաչափ (3D) մոդելաւորող, վերակազմող Պարգեւ Ֆրանգեանն ու իր գործընկերները սկսեցին զբաղւել դեռ տասը տարի առաջ: «Սփութնիկ Արմէնիա»-ին տւած հարցազրոյցում Ֆրանգեանը պատմել է վիրտուալ վերաստեղծման աշխատանքի նրբութիւնների, ինչպէս նաեւ գործընթացից ստացած իր տպաւորութիւնների մասին: Գրում է «armeniasputnik»-ը:
«Ես ու գործընկերներս 15 տարի առաջ սկսեցինք քննարկել եռաչափ մոդելաւորման գաղափարը եւ 10 տարի առաջ սկսեցինք այն իրագործել: Այդ ընթացքում մեզ յաջողւեց վիրտուալ կերպով վերականգնել շուրջ 20 հայկական եկեղեցի: Հիմնականում մենք զբաղւում ենք այն պատմական յուշարձաններով, որոնք գտնւում են Հայաստանից դուրս»,- նշել Ֆրանգեանը:
Դիզայները պատմել է, որ հայ մասնագէտների մի խումբ աշխատում է կամուրջների, եկեղեցիների, պալատների, քարաւանատների եւ այն ամէնի վերականգնման վրայ, ինչը պատմամշակութային ժառանգութիւն է համարւում:
2009 թւականին թիմը սկսել է Անի քաղաքի վիրտուալ վերականգնումը: Սկզբում ուշարդութեան կենտրոնում հիմնականում այն եկեղեցիներն էին, որոնց մասին շատ է խօսւում եւ դրանք աւելի յայտնի են, քան միւսները. Մայր տաճարը, որի եռաչափ վերականգնումը դեռ ընթացքում է, Ամենափրկիչ եկեղեցին, Կուսանաց եկեղեցին, Գագկաշէնը, Բազմախորանը եւ ոչ միայն:
«Այժմ մենք վերականգնում ենք նաեւ այն եկեղեցիները, որոնք ամբողջովին գետնին են հաւասարւել: Սակայն մեր հիմնական նպատակը` ստանալ Անի քաղաքի եւ նրա շրջակայքի ամբողջական պատկերը»,- նշել է զրուցակիցը: Ֆրանգեանի խօսքով` նախքան աշխատանքները սկսելը, ինչպէս նաեւ ընթացքում մի շարք նիւթեր են ուսումնասիրւել, ուսումնասիրւել է պատմութիւնը, հասկանալու համար, թէ ինչպիսին է եղել հայկական այդ քաղաքը մի քանի հարիւրամեակ առաջ:
Մասնագէտները աշխատում են 19-20-րդ դարի պատմական հետազօտութիւնների եւ արդէն իսկ պատրաստի գծագրերի հիման վրայ, ինչպէս նաեւ այն ժամանակաշրջանի ճարտարապետութեան առանձնայատկութեան, երբ կառուցւում էր եկեղեցին: Ինչպէս նշում է մոդելաւորողը, վիրտուալ վերականգնած բոլոր պատմամշակութային օբեկտները 60-100%-ով նման են բնօրինակին:
«Հատուկենտ տարրեր են լինում կամ նրբութիւններ, որոնք մենք չենք կարողանում վերականգնել: Սակայն իւրաքանչիւր դարաշրջան տարբերւում է ճարտարապետութեան բացառիկութեամբ, ինչն էլ օգնում է մեզ աշխատանքի ժամանակ վերականգնել ամենամանր տարրերն ու դրանց ճիշտ նմանը ստեղծել»,- ասել է Ֆրանգեանը: Նրա խօսքով՝ Թուրքիայում բազմիցս փորձեր են արւել իրենց տեսանկիւնից ներկայացնել հայկական պաշմամշակութային կոթողները: Դա տարբեր նկատառումներով էր արւում, այդ թւում նաեւ նրա համար, որ ցանկանում էին «վերացնել» հայկական հետքը: Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք հնարաւոր է՝ Ֆրանգեանի եւ իր գործընկերների պատրաստի աշխատանքներով հետագայում վերականգնւեն Անիում գտնւող եկեղեցիները կամ քաղաքը, նա պատասխանել է, որ այդ հարցով պէտք է իրաւասու մարդիկ զբաղւեն: «Մենք պարզապէս պահպանում ենք պատմամշակութային ժառանգութիւնը մեր ձեւով:
Անի քաղաքը միջնադարի բարձրագոյն քաղաքակրթութեան խորհրդանիշն է, ինչպէս նաեւ հայ ճարտարապետութեան բնօրրանը: Այդ քաղաքը եղել է եկեղեցիների մայրաքաղաք, պատահական չեն ասում, որ «Անին 1001 եկեղեցիների քաղաք է»: Իհարկէ, սա չափազանցրած է, քանի որ քաղաքում կայ շուրջ 50 եկեղեցի»,- ասել է դիզայները: Ֆրանգեանը նաեւ աւելացրել է, որ աշխատանքի ընթացքում ամենատպաւորիչն այն է, երբ որեւէ նորութիւն ես գտնում այս կամ այն շէնքի, կառոյցի ու շինութեան հետ կապւած: Երբեմն նաեւ գեղարւեստական գրականութիւն են ընթերցում եւ ուրախանում, եթէ կարեւոր ու նոր որեւէ տեղեկութիւն են գտնում: Ներկայ պահին հայ մասնագէտները «3D» ձեւաչափում վերականգնել են Պարոնի պալատը:
Սա պայմանական անւանում է, քանի որ յայտնի չէ, թէ ում է պատկանում Անիում գտնւող այդ լուրջ ճարտարապետութեան յուշարձանը: Ֆրանգեանի խօսքով` դա բնակելի դղեակ է, որը տարբերւում է իր հարուստ զարդանախշերով եւ ճոխ շքամուտքով: