Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելոյթ է ունեցել Vodafone Arena մարզադաշտում` զոհւածների յիշատակին կայանալիք ֆուտբոլային հանդիպումից առաջ:
Ըստ Demokrathaber-ի` Էրդողանն իր ելոյթում ներկաներին բացատրել է, թէ ինչն է երկրի դրօշը դրօշ դարձնում:
«Թափւած արիւնն է, որ դրօշը դարձնում է դրօշ: Հողը հայրենիք է, երբ յանուն դրա զոհւող կա»,- ասել է նա` անդրադառնալով ահաբեկչութեան դէմ պայքարի կարեւորութեանը:
Էրդողանի խօսքով` Թուրքիան ահաբեկչութեան դէմ պայքարի իր պատմութեան ամենադժւար ժամանակահատւածներից մէկն է ապրում, իսկ դա յաղթահարելու են` «միասնական լինելով»:
Միասնականութեան մասին իր խօսքում նա թւարկել է Թուրքիայում ապրող ազգութիւններին, որոնք, նրա խօսքով, կազմում են «թուրքիայի 80 միլիոն բնակչութեան մի մասը»:
«Մենք մէկ ազգ ենք` թուրքով, քրդով, աբխազով, բոսնիացիներով… Մենք այս բոլորով կազմում ենք 80 միլիոն ազգ»,- յայտարարել է Էրդողանը` Թուրքիայի հայութեանը հերթական անգամ հրապարակաւ չհամարելով երկրի բնակչութեան մի մաս: