Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպւած հակահայկական հանրահաւաքի ժամանակ «Մահ հայ շներին», «Անհրաժեշտ լինի արիւն կը թափենք» արտայայտութիւններ կիրառած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանին կանգնել է դատարանի առջեւ: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալութիւնը:
Դատական նիստին տեսակապի միջոցով միացած Լեյլանին ասել է, թէ հանրահաւաքի օրը յոգնած է եղել, իրեն լաւ չի զգացել եւ հոգեբանական խնդիրների պատճառով դեղահաբեր է ընդունած եղել, խօսել է առանց նախապէս պատրաստւելու: Նա արդարացել է, թէ «շուն» բառը չի արտաբերել խաղաղասէր հայերի համար: Դատախազի հարցին, թէ ինչո՞ւ է յայտարարել, որ արիւն կը թափւի, Լեյլանին ասել է.
«Ես ասել եմ, որ մեր երկիրը պաշտպանելու համար եթէ անհրաժեշտ լինի, արիւն կը թափւի»:
Դատաւորի հարցին ի պատասխան, թէ արդեօք որեւէ ասելիք ունի, Լեյլանին ասել է. «Ներողութիւն եմ խնդրում»:
Դատախազը յայտնել է, որ «ժողովրդի մի հատւածի դէմ խտրականութիւն դրսեւորելու» մեղադրանքով Լեյլանիին սպառնում է մինչեւ երկու տարւայ պայմանական ազատազրկում եւ դրամական փոխհատուցում:
Դատարանը Լեյլանիի գործով որոշումը կը հրապարակի դեկտեմբերի 14-ին:
Շւեդիայի թուրք աշխատաւորների ընկերութիւնների դաշնութիւնը շւեդաբնակ ադրբեջանցիների հետ 2016 թւականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցութեամբ «Թուրք`արթնացիր» կոչերով հակահայկական ակցիայ են անցկացրել:
Դաշնութեան փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերէն ելոյթում կատարել է մի շարք հակահայկական եւ ազգայանամոլական յայտարարութիւններ, մասնաւորապէս` յայտարարելով.
«Հասել է թուրք ազգի միաւորւելու ժամանակը: Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կը տրւի: Մահ հայ շներին: Մահ: Մահ: Դիմում եմ հաւատացեալ մարդկանց: Մի խօսք կայ` հայրենիքի նկատմամբ սէրը բխում է հաւատից: Հայրենիքը ուրիշին չի տրւում: Եկել է թուրքական հանրապետութիւնների միաւորւելու ժամանակը, այն արդէն հասունացել է: Բոլորին շնորհակալութիւն, որ եկել էք: Սրանով մենք բոլոր սկանդինաւեան երկրներին, Եւրոպային ցոյց ենք տալիս, որ մենք արիւն չենք սիրում, բայց պատրաստ ենք արիւն թափելու»: Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցոյցի մասնակիցները:
Միջադէպն ապրիլի 11-ին լայն արձագանք է ստացել շւեդական մամուլում: Շւեդահայ համայնքի բազմաթիւ կազմակերպութիւններ եւ անհատներ բողոք են ներկայացրել Շւեդիայի ոստիկանութիւն` տւեալ անձի դէմ գործ յարուցելու պահանջով:
Մեծ աղմուկի պատճառով Լեյլանին հեռացել էր կազմակերպութիւնում իր պաշտօնից եւ ներողութիւն էր խնդրել իր արտայայտութիւնների համար: