Աղբիւր՝ www.alikonline.com
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գրասենեակից տեղեկացանք, որ խորհրդարանում հայ պատգամաւորներից, իրանահայ երեք թեմերից եւ հոգեւորական դասից կազմւած մի պատւիրակութիւն շուտով պիտի մեկնի Սիրիա:
Այցի հիմնական նպատակը, ըստ դոկտ. Կարէն Խանլարեանի, լինելու է սիրիահայ համայնքին զօրակցելու եւ իրանահայութեան կողմից տրամադրւող մարդասիրական օգնութեան փոխադրումը: Այցի շրջանակներում նախատեսւած են հանդիպումներ սիրիահայ համայնքի, ինչպէս նաեւ համապատասխան օղակների հետ համայնքի անվտանգութիւնը շօշափող հարցերի ուղղւածութեամբ:
Նոյն առիթով թերթիս լրագրողի հարցերին պատասխանելով դոկտ. Կարէն Խանլարեանը ընդգծեց, որ քննարկումների ու հանդիպումների ժամանակ ընդգծւած կարեւորւելու է հայկական կողմի հաւասարակշռւած դիրքորոշումը՝ այն է՝ Սիրիայի ամբողջականութիւնը միայն կարելի է տեսնել՝ երկրի սահմանադրութեան հիմնաւորումներից բխած իշխանափոխութեան ձեւաչափում:
«Մենք սիրիահայ համայնքի պահպանումն ու գոյատեւումը տեսնում ենք, որպէս Սիրիայի ամբողջականութիւնը երաշխաւորող ամենակարեւոր գործօններից մէկը»,- խօսելով այս մասին պատգամաւորը բացառեց ահաբեկչական խմբաւորումներին այս գործընթացից եւ նշեց, որ հակառակ դէպքում իրականացւելու է տարածաշրջանը անկայուն դարձրած որոշ ուժերի նախագիծը, ինչում գնալով աւելի նկատելի է դառնում թուրքական եւ սաուդական գործօնների ձեռագիրը:
Խորհրդարանում կրթութեան յանձնաժողովի անդամը յաւելեց, որ սիրիահայ համայնքը իրանահայ համայնքի օրինակով նոյնպէս վայելել է, եւ շարունակում է վայելել Սիրիայի ժողովրդի յարգանքն ու համակրանքը, սակայն երկրի (Սիրիայի) առկայ քաղաքական հարթակում ուժերի վերաբաշխման գործընթաց է մեկնարկել, եւ այդ քաղաքական հոսանքների ներկապնակից պէտք է բացառւեն ԴԱԷՇ-ին կամ «Ալ Նոսրա»-ին յարող ահաբեկչական խմբաւորումները: «Հէնց այս վերջիններն էլ հանդիսանում են տարածաշրջանը անկայուն դարձրած արտաքին ուժերի խաղաքարտը»,- ընդգծեց պատգամաւորը:
Հալէպի Նոր Գիւղ թաղի ռմբակոծութիւնների եւ հայկական համայնքին պատճառած զոհերի եւ վնասների մասին հարցին պատասխանելով պատգամաւորը նշեց, որ այն մեծ հաւանականութեամբ կատարւել է հէնց այս վերջնի՝ «Ալ Նոսրա»-ի միջոցով:
Պատմագիտութեան թեկնածու պատգամաւորը ակնարկելով Թուրքիային հողային պահանջ ներկայացնող Սիրիայի պատմութեան էջերը, նշեց, որ Թուրքիային բնականաբար դուր չէր գալու թիկունքում տեսնել կայուն ու հզօր Սիրիա:
Պատգամաւորը նաեւ նշեց, որ Քեսաբի յարակից շրջանները նոյնպէս ներառւում են վերը նշւած շրջանների տարածքներում, եզրակացնելով, որ Քեսաբի դէմ իրականացւած գործողութիւնը աննպատակ չէր եւ կարելի է տեսնել նոյն ստւերի տակ:
Մեկնող պատւիրակութեան մասին բացելով փակագծերը, պատգամաւորը նշեց, որ իրանահայ զոյգ պատգամաւորներին նշւած այցի ըթացքում ընկերակցելու են երեք թեմերը ներկայացնող ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ մէկ բարձրաստիճան հոգեւորական, որոնք իրենց ներկայութեամբ կարող են դրական լիցք հաղորդել սիրիահայ համայնքին: