Աղբիւր՝ www.minidiaspora.am

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ, իրանահայ արձակագիր, բանաստեղծ Լեւոն Մինասեանի արխիւային հաւաքածուն, որը իր արժանաւոր դստեր՝ լրագրող, մանկավարժ, և Միացեալ Նահանգներում յայտնի դիմայարդար Արմինէ Մինասեանի մեծ ջանքերի շնորհիւ տեղափոխւել էր Հայաստան, այսօր հանդիսաւոր կերպով յանձնւեց Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանին, որտեղ կազմակերպւել էր հաւաքածուի ցուցադրութիւնը:

Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանի տնօրէն Կարօ Վարդանեանը շնորհակալութիւն յայտնեց Արմինէ Մինասեանին եւ բարձր գնահատեց  նրա ջանքերը՝ իր հօր պատգամը կատարելու և նրա հարուստ ժառանգութիւնը Եղիշէ Չարենցի անւան գրականութեան և արւեստի թանգարանին նւիրելու համար:

Լեւոն Մինասեանի հարուստ ու բազմաբովանդակ ստեղծագործական կեանքի, նրա թողած  գրական, հարուստ ժառանգութեան մասին դրւատանքի խօսքերով հանդէս եկան մի շարք գրականագէտներ, մտաւորականներ:

Ներկաներին ողջունեց Լեւոն Մինասեանի դուստրը՝ Արմինէ Մինասեանը: Շնորհակալութիւն յայտնելով հօր ստեղծագործական բեղուն կեանքը ըստ արժանւոյն գնահատելու համար՝ նա նշեց. «Այսօր շատ կարեւոր առաքելութեամբ եմ Հայրենիքում: Շատ դժւարութեամբ  մեծ քանակութեամբ գրականութիւն եմ բերել Իրանից: Հաւաքածուն ներառում է հեղինակային 100-ից աւելի գրքեր, որոնցից միայն 35-ը նւիրւած է Նոր Ջուղային: Հայրս շատ էր ցանկանում իր ողջ արխիւը Հայրենիք տեղափոխել. հիմա Հայրենիքում են հանգրւանել  նաեւ նրա ունեցած արժէքաւոր շատ գեղանկարներ, բնանկարներ, արժէքաւոր իրեր, լուսանկարներ, ինչպէս նաեւ մեր մեծերի՝ Շիրազի, Սերօ Խանզադեանի, Վահագն Դաւթեանի, Յովհաննէս Շիրազի նամակները: Հայրս երբեք ոչ մի կոչման ու շքանշանի ակնկալիք չի ունեցել. նրա հայրենասիրութիւնը հոգո՛ւ, արեա՛ն մէջ է եղել, սակայն պէտք է ասեմ, որ նրա աշխատանքը շատ բարձր են գնահատել թէ՛ Իրանում, թէ՛ Հայրենիքում»:

Ամփոփելով խօսքը Արմինէ Մինասեանը նշեց, որ նախատեսւում է նաեւ հօր արխիւից որոշ հնատիպ, արժէքաւոր  գրքեր նւիրել Մատենադարանին: