Աղբիւր՝ www.yerkir.am
Եւրոպայի խորհրդի (ԵԽ) ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ պայքարի յանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերեալ զեկոյցը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ զեկոյցի` չնայած վերջին տարիներին Թուրքիայում փոքրամասնութիւնների իրաւունքների եւ փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցւել, այնուամենայնիւ սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականութեան դրսեւորումները շարունակւում են:
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի կայքի` յանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտօնեաննների կողմից ատելութիւն պարունակող բառապաշարի կիրառումը: Որպէս ասւածի օրինակ զեկոյցում մէջբերւում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեօքչէքի եւ երգիչ Յըլդըզ Թիլբէի արտայայտութիւնները հեռուստատեսութեամբ եւ սոցցանցերում: Էրդողանի` «ներեցէք, ինձ նոյնիսկ հայ են ասել» արտայայտութիւնը նոյնպէս ներառւել է զեկոյցում` որպէս ատելութիւն պարունակող արտայայտութիւն:
Ըստ զեկոյցի` ատելութիւն պարունակող արտայայտութիւնների կիրառումը գագաթնակէտին է հասել 2015 թուականի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւում, ինչը մեծացրել է հասարակութեան մէջ առկայ բեւեռացումը:
Ըստ զեկոյցի` Թուրքիայում ատելութիւն պարունակող արտայայտութիւնների համար հիմնականում ոստիականութիւն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դէպքում էլ օրէնքը խախտողները չեն պատժւում: Հակառակը` ոլորտը կարգաւորող օրէնքները հիմնականում կիրառւում են խոցելի խմբերին լռեցնելու համար:
2014 թւականի ընթացքում հրէաների, հայերի, քրդերի, քրիստոնեաների, յոյների, ալեւիների, արաբների եւ սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելութիւն հռետորաբանութեան կիրառման մօտ 500 դէպք է արձանագրւել:
Եւրոխորհրդարանի յանձնաժողովը զեկոյցի մէջ ընդգրկել է նաեւ հայ զինծառայող Սեւակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիայ թաղամասում տարեց հայ կնոջ` Մարիցա Քիւչիւքի, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութիւնները, եկեղեցիների վրայ կատարւած յարձակման դէպքերը:
Եւրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ պայքարի յանձնաժողովի կազմում ընդգրկւած են անկախ փորձագէտներ, որոնք ԵԽ անդամ երկրներում ռասիզմի, այլատեացութիւնը եւ անհանդուրժողականութեան վերաբերեալ պարբերաբար հաշւետւութիւններ են պատրաստում: