Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայից արտաքսւած ֆրանսահայ գործարար Ռիչարդ Դեմիրջիի նկատմամբ թուրքական պետութիւն մտնելու մէկ տարւայ արգելք է սահմանւել: Ինչպէս հաղորդում է Դեմիրջին Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականին է տեղեկացրել դէպքի մանրամասները:
«Ոստիկանութիւնը օդանաւակայանի մուտքի մօտ անձնագրի ստուգում էր իրականացնում: Մեր մեքենան կանգնեցրեցին, պահանջեցին ներկայացնել մեր անձնագրերը: Ներկայացրեցի իմ ֆրանսիական անձնագիրը: Սկզբում հարցրեցին` թո՞ւրք ես: Բացասական պատասխան տւեցի: «Թուրքերէն ես խօսում, ինչպէ՞ս թէ թուրք չես»,- անմիջապէս հարցրեցին ինձ: Պատասխանեցի, որ Ֆրանսիայի հայ եմ: Դրանից յետոյ ինձ իջեցրեցին մեքենայից: Մօտ 10-20 ոստիկան մօտեցաւ մեքենային, անիմաստ հարցեր սկսեցին տալ: Նրանց ասացի, որ առեւտրով եմ զբաղւում եւ երկրին եկամուտ եմ ապահովում: «Գեաւուրի փողից մեզ օգուտ չկայ»,- ասացին ի պատասխան: Յանդիմանեցի նրանց` ասելով․«Ճիշտ չէք խօսում»: Դրանից յետոյ ինձ ահաբեկիչ անւանեցին եւ օդանաւակայանի կալանքի վայր տեղափոխեցին: Այդ գիշեր այնտեղ եմ մնացել: Առաւօտեան ինձ տեղափոխեցին Քումքափըի օտարերկրացիների բաժանմունք: Ապա որոշում կայացւեց ինձ երկրից վտարելու մասին»,- պատմել է Դէմիրջին:
Նրա որդին յայտնել է, որ օգոստոսի 1-ին տեղի ունեցած դատական նիստից յետոյ հօրը Ֆրանսիայ են ուղարկել:
«Դատից առաջ հօրս ընկերներից մէկը փաստաբան է գտել նրա համար: Այդ փաստաբանը շատ է օգնել հօրս: Դատարանում հօրս «միջազգային ահաբեկչի» մեղադրանքն է ներկայացւել: Փաստաբանը առարկել է այս մեղադրանքը, որից յետոյ այն փոխարինւել է «ոստիկանի հետ վիճաբանութեան» մեղադրանքի, եւ հինգ տարով երկիր մուտք գործելու արգելք է սահմանւել: Փաստաբանը բողոքարկել է նաեւ այս որոշումը, որից յետոյ դատարանը մէկ տարւայ արգելք է սահմանել: Հայրս, ով աշխատանքի բերումով ամիսը մէկ անգամ Թուրքիա էր գալիս, մէկ տարի չի կարողանալու այնտեղ մուտք գործել»: