Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

azatutyun.am- Թուրքիայում Եւրամիութեան դիւանագիտական առաքելութեան ղեկավար Յանցեօրգ Հաբերն այսօր անակնկալ հրաժարական է ներկայացրել` մէկ տարի էլ չաշխատելով այդ պաշտօնում:

Թէ որն է եղել որոշման պատճառը` Բրիւսելը չի հաղորդում, լրատւամիջոցները մինչդեռ փաստում են, որ ազգութեամբ գերմանացի բարձրաստիճան դիւանագէտը վերջին շրջանում ճնշումների էր ենթարկւում Թուրքիայի իշխանութիւնների կողմից` Անկարայի հասցէին իր քննադատական ելոյթների պատճառով:

Մօտ մէկ ամիս առաջ նա լրագրողներին ասել էր, թէ Թուրքիան բաւարար քայլեր չի ձեռնարկել ապօրինի փախստականների հոսքը կրճատելու համար: - «Մենք ասում ենք` պէտք է գործընթացը սկսել թուրքի, աւարտել` գերմանացու նման», ասել էր Հաբերը:

Գերմանացի դիւանագէտի այս յայտարարութիւնը մեծ աղմուկ էր բարձրացրել, նա անմիջապէս հրաւիրւել էր Թուրքիայի արտգործնախարարութիւն` խօսքերի իմաստը պարզաբանելու: Ժամեր առաջ էլ երկրի Եւրամիութեան հարցերով նախարար Օմեր Չելիկը հաստատեց` կողմերը լուրջ տարաձայնութիւններ են ունեցել․ - «Եւրամիութեան դեսպանը ոտնահարել էր դիւանագիտութեան հիմնարար օրէնքները` անյարգալից վերաբերմունք դրսեւորելով Թուրքիայի արժէքների եւ այդ երկրի նախագահի նկատմամբ»:

Պաշտօնական Բրիւսելը առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել դիւանագիտական այս սկանդալը, Եւրայանձնաժողովի խօսնակ Մայա Կոսիյանչիչը ընդամենը ասել է․ - «Եւրոպական ընտանիքը կը շարունակի աշխատել Թուրքիայի հետ որպէս գործընկեր ու անդամակցութեան յաւակնորդ երկիր»:

Կողմերին կապող հիմնական հարցը հիմա ապօրինի փախստականների դէմ պայքարն է, ամիսներ տեւած բանակցութիւններից յետոյ Անկարան տարեսկզբին համաձայնեց սահմանափակել սիրիացի միգրանտների հոսքը Եւրամիութիւն, ինչի դիմաց Բրիւսելը խոստացաւ ոչ միայն 6 միլիարդ եւրոյի աջակցութիւն տրամադրել, այլեւ առանց վիզաների ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար:

Խոստացւած ժամկէտը մօտենում է, սակայն Բրիւսելը դեռ չի շտապում վերացնել անցագրերը` պատճառաբանելով, թէ Էրդողանի վարչակազմը չի իրականացրել անհրաժեշտ բարեփոխումները, մասնաւորապէս, չի վերանայել օրէնքը ահաբեկչութեան դէմ պայքարի վերաբերեալ:

«Չենք փոխել, եւ մտադիր էլ չենք», - այսօր Թուրքիայի խորհրդարանում յայտարարեց վարչապետ Բինալի Յըլդրըմը` ընդգծելով` իրենց համար առաջնայինը պայքարն է քուրդ անջատողականների դէմ․ - «Մենք այժմ լուրջ պայքար ենք մղում մեր երկրի միասնութեան եւ ապագայի համար, եւ այս պայմաններում խօսք անգամ չի կարող լինել ահաբեկչութեան մասին օրէնքը փոխելու մասին, անգամ եթէ դրա դիմաց մենք զրկւենք վիզաների ազատականացումից: Թող այդ վիզաներն իրենց պահեն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երէկ է՛լ աւելի էր խստացրել Անկարայի դիրքորոշումը` կոչ անելով Եւրամիութեանը անտեղի չձգձգել անդամակցութեան գործընթացը. որեւէ մէկը չպէտք է մեր համբերութիւնը փորձի` սպառնացել էր Թուրքիայի նախագահը` առանց մանրամասնելու, թէ հակառակ դէպքում ինչ քայլեր են հետեւելու:

Փորձագէտները, սակայն, փաստում են, որ եւրոպացի դեսպանի հրաժարականով է՛լ աւելի է խորանում լարւածութիւնը Բրիւսելի ու Անկարայի միջեւ, որն, ըստ էութեան, սկսւեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումից յետոյ: