Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մոնա Բիբի անունով պաղեստինցի աղջիկն իր աջակցութիւնն է յայտնել հայերին՝ զօրակցելով Արցախին:

#Մեր զինուորների հետ եւ #Հզօր Արցախ գրութեամբ հեշթեգով լուսանկարուած աղջիկն այդ կապակցութեամբ իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Որպէս պաղեստինցի` ես պարզապէս չեմ կարող համերաշխութիւն չյայտնել հայերին՝ յանուն ազատութեան եւ անկախութեան նրանց մղած պայքարում:

Մեր երկու ժողովուրդներն էլ տուժել են օկուպացիայից, արտաքսումից, ցեղասպանութիւնից, հայրենիքի կորստից, վշտից եւ հալածանքներից: Մենք` երկուսս էլ, վերածնւում ենք փլատակների տակից՝ դիմադրելու եւ պայքարելու համար:

Մեծ մասամբ մեր թշնամիները նոյնն են:

1990-ական թուականներից Իսրայէլը լիակատար աջակցութիւն է ցուցաբերել Բաքուի աւտօրիտար իշխանութիւններին:

Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դատապարտել է ՀԱՄԱՍ-ին եւ քննադատել պաղեստինցիների ինքնապաշտպանութեան եւ ինքնորոշման իրաւունքը:

Խօսքի ազատութեան դէմ Բաքուի կառավարութեան հալածանքները ուղղուած են նաեւ ադրբեջանցիների՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխութեան ցոյցերին:

Շաբաթ օրը՝ 2016 թ.-ի ապրիլի 2-ին, Ադրբեջանի բանակը յարձակուել է Լեռնային Ղարաբաղի սահմանի (Արցախ) վրայ՝ խախտելով 1994 թ.-ին միջազգայնօրէն սահմանուած ադրբեջանա-հայկական հրադադարը: Հայ կանայք, երեխաներ եւ անզէն քաղաքացիներ զոհուել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

Ես համերաշխութիւն եմ յայտնում Արցախի ժողովրդին՝ յանուն ազատութեան մղած պայքարում, եւ հայ զինուորներին, ովքեր պայքարում են՝ պաշտպանելու համար իրենց ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանութիւնը»: