Աղբիւր՝ www.haynews.am

 

ԱՄՆ Կենտուկի նահանգը միացաւ Այդահօ, Նիւ Հեմփշիր եւ միւս նահանգներին, որտեղ յաջողութեամբ տապալուել են հակահայկական քարոզչութեանն ուղղուած ադրբեջանամէտ բանաձեւերը:

ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի գրասենեակից յայտնում են, որ մարտի 7-ին Կենտուկի նահանգի սենատում կասեցուել է այսպէս կոչուած «Խօջալուի ողբերգութեան» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիւ 168 բանաձեւի ընդունումը, որը խեղաթիւրուած էր ներկայացնում Արցախեան հակամարտութեան վերաբերեալ փաստերը:

Բանաձեւը չի ընդունուել Հայ դատի յանձնախմբի արեւելեան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնուող ապատեղեկատուութեան վերաբերեալ նահանգում ահազանգելուց յետոյ:

«Կենտուկիում ձեռք բերուած մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարութիւնը գործում է, եւ նահանգի օրէնսդիր մարմնի անդամները չեն հանդուժի դիկտատոր Իլհամ Ալիեւի շահերին ծառայող խեղաթիւրման կամ միջամտութեան որեւէ փորձ: Ալիեւը շարունակում է Հայաստանի ու Արցախի դէմ ուղղուած ագրեսիան՝ դրանով վտանգի ենթարկելով տարածաշրջանի փխրուն խաղաղութիւնը»,- նշել է Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսեանը: Նա յաւելել է, որ յանձնախմբի տեղական մարմինների եւ փաստաբանների միջոցով շարունակելու են ակտիւ աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ միջազգային հանրութեան կողմից ճանաչման ուղղութեամբ:

Սենատոր Դայմոն Թայերի կողմից բանաձեւը Կենտուկիի սենատ էր ներկայացուել մարտի 1-ին: Բանաձեւի մասին տեղեկանալով՝ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչներն իսկոյն տեղեկատուական արշաւ էին նախաձեռնել՝ կոչ անելով սենատի նախագահին ու մեծամասնութիւն կազմող խմբակցութեան ղեկավարներին հրաժարուել փաստերը խեղաթիւրող վտանգաւոր բանաձեւն ընդունելուց:

Արդիւնքում նահանգի սենատը պաշտօնապէս դադարեցրել է բանաձեւի ընդունման գործընթացը:Հայ լոբիստների ջանքերի արդիւնքում Կենտուկիի օրէնսդիրները տեղեկացել են ինչպէս Արցախեան հակամարտութեան իրական բնոյթի, այնպէս էլ Սումգայիթում ու Բաքւում հայերի ջարդերի, Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումների ու տարածաշրջանում Բաքուի ապակայունացնող դերի վերաբերեալ: