Աղբիւր՝ www.yerkir.am
Ուր է հասել Ցեղասպանութեան ժամանակ սկսուած թալանը. գրում է քրդամէտ Demokrathaber կայքը՝ տեղեկացնելով, որ Թուրքիայում հայկական հերթական եկեղեցին է վաճառքի հանուել: Համացանցում առեւտրի համար նախատեսուած կայքում թուրքերն այս անգամ էլ «գովազդել» են Բուրսայում կառուցուած հայկական` 300 տարուայ եկեղեցին:
Ըստ Demokrathaber-ի՝ եկեղեցու «սեփականատէրը» նախնական պահանջում է 1,5 միլիոն դոլար:
Անշարժ գոյքի գործակալութեան աշխատակից Թայֆուն Օզենգինլերը նշել է, որ վաճառքի հանուած հայկական եկեղեցին նախկինում ծառայել է հայերին եւ յոյներին: Նրա խօսքով՝ Սէթբաշը թաղամասը, ուր գտնւում է եկեղեցին, եղել է հայահոծ: «Բոլոր անկիւններում պատմութեան բոյր կայ: Եռայարկ եկեղեցին, որը զբաղեցնում է 512 քմ տարածքի 300 քմ-ը, մինչեւ 1980-ականները տարբեր նպատակներով է օգտագործուել, որից յետոյ լքուած վիճակում է»,- ասել է նա:
Օզենգինլերը յայտնել է, որ եկեղեցու «սեփականատէրը» ապրում է արտասահմանում, սակայն եկեղեցին ունի եւս երեք բաժնետէր: «Ես միայն նրանցից մէկի հետ զրուցելու առիթ եմ ունեցել»,- նշել է նա:
1986 թուականին Բուրսայի հիմնադրամների տնօրինութեան կողմից որպէս պատմական արժէք գրանցուած եկեղեցին անմխիթար վիճակում է:
Ըստ Demokrathaber-ի՝ մինչեւ 1915-ը Բուրսայում եւ Բուրսային կից Իզնիքում, Ենիջեյում եւ Ենիքոյում եղել է հայկական աւելի քան 17 եկեղեցի:
Կայքը յիշեցնում է, որ Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցին 1980 թուականի սեպտեմբերի 12-ի ռազմական յեղաշրջումից յետոյ Թուրքիայի ղեկավարների հրահանգով քանդուել էր, տեղում կառուցուել էր «Սէթբաշը» դպրոցը, իսկ բռնագրաւուած հայկական միւս եկեղեցիները 1915 թուականից յետոյ վաճառուել էին անհատների՝ քաղաքից դրանց շունչը ոչնչացնելու նպատակով: