Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանի ազգային արխիվը հրատարակության է պատրաստում Արեւմտյան Հայաստանի հայկական մի քանի եկեղեցիների կալվածագրերը: Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանի ֆոնդի գրագրություններն ուսումնասիրելիս` Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները գտել են բացառիկ փաստաթղթեր՝ Արեւմտյան Հայաստանի հայկական մի շարք եկեղեցիների կալվածագրերը: Դրանք Օսմանյան Կայսրության իշխանությունների կողմից տրված փաստաթղթեր են, որոնք արձանագրում ու մանրամասն նկարագրում են, թե տվյալ եկեղեցին ի՞նչ կալվածքներ, ի՞նչ սեփականություն է ունեցել:
«Նշվում է գավառը, գյուղը, վայրը, կալվածքը, նշված է՝ որտե՞ղ է գտնվում, սահմանները, ի՞նչ կա տվյալ մարգագետնի 4 կողմում»,- ասաց Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Գոհար Ավագյանը։
Գտնված մոտ 200 կալվածագրերը պատկանում են միայն մի քանի եկեղեցիների: Կալվածքներից յուրաքանչյուրի՝ արտի, հողատարածքի, խանութի ու անգամ՝ բաղնիքի համար առանձին փաստաթուղթ է պատրաստվել: Սեփականության այսպիսի վկայականներ ունեցել են մեր բելոր եկեղեցիները, բայց դրանց շատերի մասին, առայժմ, տեղեկություններ չկան: Այս եզակի նմուշները գաղթի ժամանակ փրկել եւ Մայր Աթոռ է հասցրել Բայազետի քահանան:
Ազգային արխիվի կազմած գրքում կլինեն բնագրերի լուսանկարները, եւ դրանց կարճ բովանդակությունը հայերն եւ ռուսերեն, հնարավոր է՝ նաեւ անգլերեն: Առանձին մի թղթածրարում Բայազետի Սուրբ Աստվածածին եկեղեցու կալվածագրերն են: Եկեղեցին արդեն գոյություն չունի, բայց դրա սեփականությունը, ըստ կնիքով հաստատված փաստաթղթերի, անառարկելի եւ անժամկետ է:
«Բայազետի եկեղեցու կալվածքն է օսմաներեն, որի հայերեն թարգմանությունը մենք ունենք։ Գրված է, որ արեգակի նման պարզ եւ հավերժ է այն, որ այս տարածքը վերաբերում է, այսինքն՝ պատկանում է հայ եկեղեցուն»,- ասաց Գոհար Ավագյանը:
Արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչն ասում է՝ փաստաթղթերը հրատարակության նախապատրաստելիս՝ դժվարությունների են հանդիպել՝ տեղանուններն օսմաներենից թարգամանելիս: Դրանցում նշված է նաեւ կալվածքի արժեքը:
«Պետք է մի քիչ ավելի խորը ուսումնասիրել, համեմատել, թե այդ գումարը հիմա որքա՞ն է կազմում, հողն ի՞նչ արժեր։ Հաշվի առնելով, որ այդ 150-170 կալվածագրերը վերաբերում են ընդամենը մի քանի եկեղեցու ու եթե դրանք նաեւ մյուս եկեղեցիների վրա, բավականին լուրջ թիվ է ստացվում»,- ասաց Ավագյանը։
Եկեղեցիների կալվածագրերն իրավական հիմք ունեցող փաստաթղթեր են: Հեղինակները հույս ունեն, որ հրատարակությունից հետո գիրքը մասնագետների համար ուսումնասիրության կարեւոր նյութ կլինի: