Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի վերաբերեալ պարբերաբար հնչող մարդու հիմնարար իրաւունքների խախտման մեղադրանքներին ի պատասխան երկրի կառավարութիւնը հապշտապ ձեռնամուխ է  եղել բարեփոխումների փաթեթի մշակմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Sondakika» լրատուակայքի տեղեկացմամբ՝ նշեալ բարեփոխումների թւում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնութիւններին ուղղուած որոշ զիջումներ:

Մասնաւորապէս,  Վանի  Աղթամար կղզում գտնուող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետեւ կարող են մատուցուել ոչ թէ տարին մէկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտութեան, ցանկացած ժամանակ: Միջանկեալ նշենք, որ  Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 5 տարուայ ընթացքում Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան յատուկ թոյլտուութեամբ տարեկան 1 անգամ էր պատարագ մատուցւում: Այժմ նախատեսւում է վերացնել այդ սահմանափակումը:

Փոփոխութիւններ կը կատարուեն նաեւ ազգային փոքրամասնութիւններին պատկանող անշարժ գոյքի վերադարձման գործընթացում: (Խօսքը ցեղասպանութեան զոհերի ժառանգներին իրենց պապերի ունեցուածքի վերադարձման մասին է-խմբ.) Միջոցներ կը ձեռնարկուեն գործընթացն արագացնելու եւ արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղութեամբ:

Նոյն աղբիւրի համաձայն՝ բարեփոխումների փաթեթի շրջանակներում նախատեսւում են նաեւ քրդերի համար ծրագրուող փոփոխութիւններ: Քննարկուելու է ինքնաթիռներում քրդերէն ծանուցումներ կատարելու, բնակավայրերի անունների փոփոխման կարգն արագացնելու, որոշ վայրերում քրդերէն ցուցանակների տեղադրման նպատակայարմարթիւնը: Նշւում է, որ քրդերէն կրթութեան հետ կապուած հարցեր այս փաթեթի շրջանակներում չեն քննարկուելու: