Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում Ժողովրդայ-հանրապետական կուսակցութիւնից հայ կին պատգամաւոր Սէլինա Դողանը փոքրամասնութիւնների հիմնադրամների ընտրութիւնները կարգաւորող կանոնակարգի հարցը ներկայացրել է թուրքական խորհրդարան. գրում է «Ակօս»-ը:

Փոքրամասնութիւնների հիմնադրամների ընտրութիւնները կարգաւորող կանոնակարգը չեղեալ է յայտարարուել, եւ արդէն երեք տարի է՝ նոր կանոնակարգ չի սահմանուել։

Սէլինա Դողանը ընտրութիւնների կանոնակարգի հարցը ներկայացրել է խորհրդարան։ Հարցն ուղղուած է հիմնադրամների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Եալչըն Աքդողանին։

Ընտրական կանոնակարգն անվաւեր է ճանաչուել 2013թ․ յունուարի 19-ին։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ նոր կանոնակարգի բացակայութեան պատճառով հիմնադրամները չեն կարողանում ընտրութիւններ իրականացնել։ Շեշտուել է, որ նոր կառավարութեան ծրագրում ասւում է․ «Շարունակելու ենք ձեռնարկել բոլոր իրաւական եւ գործնական միջոցառումները, որպէսզի Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի հանդիսացող կրօնական փոքրամասնութիւնները ոչ մի տեսակ խտրականութեան չենթարկուեն»։

ԺՀԿ պատգամաւոր Դողանի հնչեցրած հարցերը հետեւեալն են`

1․ Փոքրամասնութիւնների հիմնադրամներին ընտրութիւններ անցկացնելու հնարաւորութիւն ընձեռող կանոնակարգն ինչու՞ է չեղեալ յայտարարուել։

2․ Ընտրութիւնների իրականացման համար նոր կանոնակարգն ինչու՞ դեռ մշակուած չէ։

3․ Նոր կանոնակարգի մշակման համար աշխատանքներ իրականացւու՞մ են։

4․ Արդեօ՞ք նշուած կանոնակարգը նոր կառավարական ծրագրում տեղ գտած «իրաւական եւ գործնական միջոցառումների» շարքում է, թէ՞ ոչ։

Դողանն աւելի վաղ ընտրական կանոնակարգի մասին հարցերով դիմել էր հիմնադրամների հարցով պատասխանատու` փոխվարչապետ Բիւլենթ Արընչին, ով նշել էր, որ նոր կանոնակարգի աշխատանքներն ընթացքի մէջ են: