Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

ԱՄՆ Կոլորադոյ նահանգում Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի շուրջ 2000 խաչքարերի ցեղասպանական ոչնչացումը դատապարտող միջոցառում է անցկացուել:

Հայ դատի ԱՄՆ յանձնախմբի արեւմտեան շրջանի գրասենեակի փոխանցմամբ, Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը դեկտեմբերի 6-ը հռչակել է որպէս Հին Ջուղայում Ադրբեջանի վայրագ գործողութիւնների հետեւանքով ոչնչացուած մշակութային ժառանգութեան յիշատակի օր:

Նահանգապետի հռչակագրի մէջ ասւում է. «Կոլորադոյ նահանգն այս տարի յիշատակեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը՝ բացելով այստեղ մի խաչքար, որն արուել է Հին Ջուղայում ոչնչացուած 2000 խաչքարերից մէկի նմանութեամբ: Կոլորադոն բարձր է գնահատում մշակութային արժէքների պահպանումն ու հանդուրժողականութիւնը: Մշակութային յուշարձանների մտադրուած թիրախաւորումը սպառնալիք է համաշխարհային մշակութային ժառանգութեանը: Ինձ տրուած լիազօրութիւններով, դեկտեմբերի 6-ը հռչակում եմ Հին Ջուղայի մշակութային ժառանգութեան յիշատակի օր»:

Հայ դատի ԱՄՆ յանձնախմբի արեւմտեան շրջանի գործադիր ղեկավար Էլեն Ասատրեանը ողջունել է այս որոշումը՝ նշելով. «Կոլորադոն հերթական անգամ ցոյց տուեց մարդու իրաւունքների հարցում իր անփոփոխ յանձնառութիւնը: Մենք հպարտ ենք, որ Կոլորադոյի հայկական համայնքը դարձել է ուժեղ ձայն իր պետութեան ժողովրդավարական գործընթացներում: Շնորհակալ ենք նահանգապետ Ջոն Հիքենլուփերին ուժեղ կառավարման եւ մեր հասարակութեան ու համաշխարհային հանրութեան տեսանկիւնից այս կարեւորագոյն հարցերում ցուցաբերած վերաբերմունքի համար»: