Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Միջազգային իրաւապաշտպան Amnesty International կազմակերպութեան ներկայացուցիչներն արտաքսուել են Ադրբեջանից:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին ասւում է կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

Կազմակերպութեան երկու աշխատակիցներին, որոնք Վրաստանի քաղաքացիներ են, Բաքուի օդանաւակայանում կանգնեցրել են անվտանգութեան աշխատակիցներն ու պահանջել նրանց անձնագրերը: Ժամեր անց Amnesty International-ի աշխատակիցներն արտաքսուել են Ադրբեջանից:

Կազմակերպութեան անդամներն աւելի վաղ Ադրբեջանի իշխանութիւններին տեղեկացրել էին իրենց ներկայացուցիչների այցի մասին, սակայն որեւէ պատասխան չէին ստացել: Amnesty International-ի անդամները կատարուածը յատկապէս մտահոգիչ են համարում Ադրբեջանում խորհրդարանական ընտրութիւններից առաջ:

«Այդ ի՞նչ մութ գաղտնիքներ է փորձում Ադրբեջանի կառավարութիւնը թաքցնել արտաքին աշխարհից երկրում խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ: Իրաւապաշտպան կազմակերպութեան անդամների արտաքսումը դարձաւ լրացումը լրագրողների եւ հումանիտար կազմակերպութիւնների ներկայացուցիչների տխուր ցուցակի, ովքեր իրենց աշխատանքը կատարելու համար թիրախաւորուել են կամ ձերբակալուել»,- նշել է կազմակերպութեան՝ Եւրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրէն Ջոն Դալուզենը:

Յայտարարութեան մէջ յիշեցւում է, որ սա արդէն 2-րդ նմանօրինակ դէպքն է: 2015 թուականի յունիսին՝ Եւրոպական խաղերին ընդառաջ եւս իրաւապաշտպան կազմակերպութեան անդամներին արգելուել էր մուտք գործել երկիր:

Amnesty International-ը նշել է նաեւ, որ ներկայում Ադրբեջանում կայ շուրջ 20 քաղբանտարկեալ: