Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլէայի 70-րդ գագաթնաժողովին ելոյթ ունենալու համար հինգշաբթի Վաշինգտօնից Նիւ Եօրք է ժամանել նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա նախ ուղեւորուել է Սուրբ Պատրիկի տաճար, որտեղ մասնակցել է երեկոյեան ժամերգութեանը, նաեւ իր ցաւակցութիւնը յայտնել մահմեդականներին՝ Սաուդեան Արաբիայում տեղի ունեցած ողբերգութեան կապակցութեամբ:
Հազարաւոր մարդիկ եկել էին ողջունելու Հռոմի պապին: Նրանց թւում էին մի շարք ամերիկահայեր՝ «Շնորհակալութիւ՛ն, Ֆրանցիսկոս պապ» գրութեամբ պաստառներ պարզած:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած յատուկ պատարագի ժամանակ խօսել էր Հայերի կոտորածի մասին՝ որպէս 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւն:
Հինգշաբթի օրուայ գլխաւոր իրադարձութիւնն, ի հարկէ, Պապի ելոյթն էր Կոնգրէսում: Նա անդրադարձել է միգրացիոն ճգնաժամին՝ ասելով. «Մենք չպէտք է շփոթուենք միգրանտների թուից, այլ՝ վերաբերուենք նրանց՝ որպէս անհատների, նայենք նրանց դէմքին, լսենք պատմութիւնները՝ փորձելով մարդկայնօրէն արձագանքել»: Նշեմ, որ նրա ելոյթը լսելու համար Կապիտոլիումի մօտ էր հաւաքուել շուրջ 50 հազար մարդ: