Աղբիւր՝ www.hyeli.com
Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնւող Արեւմտեան Հայաստան զբօսաշրջային հոսքերը թէպետ նւազել են այդ երկրում տիրող անկայուն իրավիճակի հետեւանքով, բայց հայկական տուրիստական ընկերութիւնները շարունակում են տուրերի կազմակերպումը:
«Արմէնպրես»ը զրուցել է հայկական երեք տուրիստական գործակալութիւնների հետ` պարզելու, թէ ինչպէս են ընկերութիւնները կազմակերպում տուրեր դէպի աւելի քան երկու ամիս ռազմական գործողութիւնների թատերաբեմ դարձած տարածքներ:
«Անի Տուր»ից յայտնել են, որ Արեւմտեան Հայաստան զբօսաշրջային այցելութիւնները կազմակերպում են ելնելով տւեալ իրավիճակից:
«Խորհրդակցում ենք այնտեղի մեր գործընկերների հետ, եթէ ասում են` ամէն ինչ նորմալ է, իրականացնում ենք: Երկուերեք խումբ չեղեալ ենք յայտարարել, որովհետեւ տեղում խնդիրներ են եղել կամ տուրիստները չեն ցանկացել գնալ», յայտնել են «Անի տուր» ընկերութիւնից:
Նրանք փաստել են, որ Արեւմտեան Հայաստան գնացողների հոսքը նւազել է: «Նւազում նկատւում է օգոստոսի կէսերից: Մեր միջոցով հիմնականում արտասահմանցիներն են գնում, նրանք շատ զգուշաւոր են, անհանգստանում են եւ որոշում չգնալ», նշել են ընկերութեան ներկայացուցիչները:
«Ախթամար Տուր» տուրիստական ընկերութեան ներկայացուցիչը եւս յայտնել են, որ Թուրքիայի տարածքում լարւած իրավիճակն ազդում է զբօսաշրջային հոսքերի վրայ, բայց, այնուամենայնիւ, տուրեր կազմակերպում են: Հարցին ի պատասխան, թէ ինչ անվտանգութեան երաշխիքներ են տրւում զբօսաշրջիկներին` ասել են.
«Ճանապարհների հետ կապւած ոչ մի խնդիր չկայ, եթէ խնդիր է լինում շրջանցում ենք դրանք: Օրինակ, օր է լինում` Դիարբեքիր մտնել չի լինում, եւ մենք այն շրջանցում ենք: Կախւած իրավիճակից ` երթուղին փոխում ենք, ուրիշ քաղաք ենք աւելացնում դրա փոխարէն»:
«Ախթամար տուր»ից յայտնել են, որ մինչ այս տուրերն անցել են առանց միջադէպերի:
«Նարեկավանք Տուր»ից, սակայն, տեղեկացրել են, որ տուրեր չեն կազմակերպւում, քանի որ պահանջարկ չկայ: «Զուտ պահանջարկ չլինելու պատճառով տուրերը ժամանակաւորապէս դադարեցւել են», ասել են ընկերութիւնից: