Աղբիւր՝ www.yerkirmedia.am
94 օր է՝ բազմաթիւ մարդիկ շարունակում են պայքարել Ստամբուլի «Քամփ Արմէն» հայկական որբանոցի շէնքի քանդման դէմ եւ պահանջում այն վերադարձնել հայերին:
Պայքարի նախաձեռնող «Նոր զարթօնք» շարժման անդամներից մի քանիսն այս օրերին կրկին Հայաստանում են, Համահայկական խաղերի Արեւմտահայաստանի պատուիրակութեան կազմում։ Եւս մէկ անգամ նրանք առիթ ունեցան խօսելու հիմնախնդրի մասին։
1960-ական թուականներին հայ բողոքական եկեղեցու կողմից գնուած տարածքում կառուցուած որբանոցը ժամանակին աղքատ եւ որբ երեխաների համար ամառային ճամբար է եղել: Սակայն յետագայում «Քամփ Արմէն»-ն ապօրինաբար խլել են հայկական հիմնադրամի ձեռքից: Նոր սեփականատէրը մասամբ քանդել է շէնքը՝ դրա տեղում էլիտար տներ կառուցելու նպատակով: Հասարակական ճնշման արդիւնքում շինարարական աշխատանքները ժամանակաւորապէս դադարեցուել են:
Շարժման անդամ Սայաթ Թեքիրը նշել է, որ իրենց պահանջը ոչ թէ շէնքի սեփականատիրոջն է ուղղուած, այլ՝ պետութեանը:
«Պետութիւնն ասում է՝ պետականացնենք եւ ձեզ շատ քիչ գումարով 40 տարով վարձով կը տանք: Բայց մենք չենք ընդունում, որովհետեւ «Քեմփ Արմէն»-ը մերն է, ինչի՞ պիտի վարձով մնանք»,- ասում է Սայաթ Թեքիրը: