Աղբիւր՝ www.yerkir.am

 

Տեղեկացրել էինք, որ 2012-ին ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ժամանակաւոր ցուցակում ընդգրկուած պատմական Անի քաղաքը 2016 թուականին հնարաւոր է յայտնուի միջազգային այդ կառոյցի մշտական ցուցակում: Նշեն, որ Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնն է ներկայացրել այդ յայտը:

Yerkir.am-ի հետ զրոյցում յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը նշեց, որ Թուրքիայի քայլը դրական է համարում, քանի որ մինչ այս Թուրքիան միայն քանդելով էր զբաղուած:

«Ին՞չ է, հիմա պիտի տխու՞ր լինենք, որ ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցման է տալիս: Երանի մեր բոլոր յուշարձանները գրանցէին, չնայած մի մասն արդէն հիմնայատակ քանդել են: Պիտի ուրախ լինենք, որ նա, ով միայն մեր հետքը ոչնչացնելով է զբաղուած եղել Եղեռնից յետոյ եւ այդ ամբողջ ընթացքում, հիմա իրեն հակառակ քայլերի է դիմում` այլոց մշակութային արժէքները գրացման է տալիս, միջազգային ճանաչման ներկայացնում, արժեւորում է»,- ասաց նա` յաւելելով, որ ներկայիս Թուրքիան, կարծես, փոխուել է կամ ուզում է իրեն փոխուած ձեւացնել: