Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Մարմարա» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի կրթութեան նախարարութիւնը դադարեցրել է ազգային փոքրամասնութիւնների վարժարաններում աշակերտներին գրանցելիս կիրառուող գաղտնաթուերի գործածումը:

Վերջին շրջանում յայտնի էր դարձել, որ կրթութեան նախարարութիւնն ազգային փոքրամասնութիւններից իւրաքանչիւրին առանձին թուով էր նշում, ինչպէս օրինակ, 1-ը յոյների գաղտնաթիւն էր, 2-ը՝ հայերի, 3-ը հրեաների, 4-ը ասորիների: Ազգային միւս փոքրամասնութիւնների համար կիրառւում էր 5 թիւը:

Այս գաղտնաթուերի գործածումը մամուլում եւ առաջադէմ շրջանակներում լուրջ քննադատութիւն առարկայ էր դարձել: Նախկինում ազգային փոքրամասնաութիւնների վարժարաններ ընդունուելու համար պահանջւում էր ծնողների խնդրագիրը՝ կրթութեան վարչութեան վաւերացմամբ: Այժմ դպրոց ընդունուելու համար անհրաժեշտ է միայն անձնագիր:

Երկրորդ դրական փոփոխութիւնը վերաբերում է փոքրամասնութիւնների դպրոցներում թուրքերէնի ուսուցիչների՝ կրթական տնօրէնութեան կողմից նշանակուելուն: Նրանք կարող էին պաշտօնավարել միայն 6 տարի, յետոյ նոր ուսուցիչ էր նշանակւում: Հիմա թուրքերէնի ուսուցիչը 6 տարին լրանալուց յետոյ դպրոցի տնօրէնութեան խնդրանքով կարող է շարունակել աշխատանքը: