Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստամբուլի Թուզլայ թաղամասում գտնուող «Քամփ Արմէն» անունով յայտնի հայկական որբանոցը հետ վերադարձնելու նպատակով Ստամբուլում յունիսի 26-ին քայլերթ է իրականացուել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատուականը:

Ստամբուլի Թունել հրապարակում հաւաքուածները քայլել են դէպի Գալաթասարայի ուսումնարան: «Նոր Զարթօնք եւ Քամփ Արմէն դիմադրութեան» անդամներն իրենց ձեռքերում պահել են պաստառ հետեւեալ գրութեամբ. «Հէ~յ, մարդկութեօ'ւն, բողոք ունեմ, մեզ նետել են մեր իսկ ստեղծած քաղաքակրթութիւնից»: Մասնակիցները տարբեր կոչեր են բղաւել, ինչպէս, օրինակ, «Սա դեռ սկիզբն է», «Պայքարը շարունակւում է», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:

Քայլերթից յետոյ ելոյթով է հանդէս եկել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» կողմից Ստամբուլից ընտրուած պատգամաւոր Գարոյ Պայլանը, ով յայտնել է, որ պայքարը հայկական որբանոցի վերադարձի համար շարունակուելու է:

«52 օր է` պայքարում ենք, սակայն 100 տարի արդարութեան ենք սպասում: Նրանք, ովքեր չեն նայում 100 տարի առաջ գործուած յանցանքին, ովքեր դա թողնում են պատմաբաններին, թող նայեն «Քամփ Արմէն»-ին: «Քամփ Արմէն»-ը Ցեղասպանութեան փաստացի ապացոյցն է: Ինչպէս որ պետութեան որոշմամբ յափշտակուել է, այնպէս էլ պետութեան կողմից պէտք է հետ վերադարձուի»,- նշել է Պայլանը:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները եւ յատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմէն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դէմն առնելու նպատակով Թուրքիայում գործունէութիւն ծաւալող մի շարք կազմակերպութիւններ եւ պարզապէս անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շէնքի կործանումը: Ներկայում որբանոցի շէնքի քանդումը մասամբ դադարեցուած է: Շինութեան վրայ տարբեր պաստառներ են փակցուած եւ գրութիւններ են արուած: «Արմէն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահութիւն է: