Աղբիւր՝ www.tert.am

 

Ստամբուլի «Արմէն» հայկական ճամբար-որբանոցի տարածքի ներկայիս սեփականատէր Ֆաթիհ Ուլուսոյը թուրքական Vatan պարբերականին տուած հարցազրոյցում կարեւոր յայտարարութիւններ է արել։ Նա նշել է, որ ճամբարի սեփականութեան վկայականը հայ համայնքին տալու խոստումից արդէն մէկ ամսից աւելի ժամանակ է անցել, սակայն դեռ որեւէ զարգացում տեղի չի ունեցել, ինչի պատճառը Հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի հետ ունեցած տարաձայնութիւններն են:

Մայիսի 6-ին հայկական որբանոցում քանդման աշխատանքներ էին սկսուել, որից յետոյ տարբեր հանդիպումներ էին տեղի ունեցել, հարցին միջամտել էր նաեւ վարչապետ Ահմեթ Դաւութօղլուն:

Դրանից յետոյ Ուլուսոյը յայտարարել էր տարածքը հիմնադրամին նուիրաբերելու որոշման մասին:

«Երբ հանդիպեցինք հիմնադրամի պաշտօնեաների հետ, ասացի, որ կը յանձնեմ՝ նպատակին ծառայեցնելու համար միայն, սակայն պատասխանատուներն ասացին, որ իրենք նախապայմաններ չեն ընդունում: Ի վերջոյ, իրենց նպատակը ճամբարը չէ՞, չէ՞ որ ասում են, որ հոգեւոր արժէք ունի: Հիմնական հարցը, որի շուրջ չենք կարողանում համաձայնութեան գալ, դա է»,-ասել է Ուլուսոյը:

Եկեղեցու հիմնադրամը մեկնաբանել է Ուլուսոյի յայտարարութիւնները: Նրանք նշել են, որ ճամբարի տարածքն այլ նպատակներով չի օգտագործուելու:

Հիմնադրամի պատասխանատուները հերքել են նման տարաձայնութիւնների գոյութեան մասին խօսակցութիւնները՝ նշելով, որ սեփականութեան վկայականում այն որպէս որբանոց-ճամբար ամրագրելը նաեւ իրենց պահանջն է:

Vatan-ին տուած հարցազրոյցում Ուլուսոյը նշել է, որ յաջորդ շաբաթը կարեւոր է լինելու որբանոց-ճամբարի ճակատագրի հարցում, ու նշել է, որ ինքը մտադիր է վերադարձնել տարածքը, եթէ յաջորդ շաբաթուայ ընթացքում այլ խնդիրներ չառաջանան։