Աղբիւր՝ www.yerkir.am

 

Կարսում ազգայնամոլների կուսակցութեան ղեկավարներից Թոլգա Ադըգիւզելը դժգոհութիւն է յայտնել յայտնի երաժիշտ Տիգրան Համասեանի` Արեւմտեան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչութեամբ, տեղեկացնում է Birgun-ը` վկայակոչելով CNN Turk-ին:

Կայքի փոխանցմամբ` Ադըգիւզելը իր դժգոհութիւնը յայտնելու համար մամուլի յատուկ ասուլիս է հրաւիրել, որի ընթացքում հայերի հասցէին սպառնալիքներ է հնչեցրել:

«Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերութիւնը՞ չափել: Կարո՞ղ է մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»,- բացայայտօրէն սպառնացել է նա:

Ազգայնամոլ ղեկավարի խօսքով` երբ իրենք Հայաստան են այցելել, իրենց թոյլ չեն տուել պարզել Թուրքիայի դրօշը:

«Իրենց սրբավայրերում մենք կարո՞ղ ենք համերգ տալ: Եթէ մենք մինչ օրս չենք արել նման բան, դա դեռ չի նշանակում, որ չենք անելու: Մենք այս բոլոր կատարուածները մեզ մօտ նշել ենք»,- ասել է Ադըգիւզելը` խոստանալով, որ այսուհետ նմանատիպ իրադարձութիւններ տեղի ունենալու դէպքում «իրենք հարկ եղածն անելու են»: