Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ամերիկեան հեղինակաւոր The New York Times թերթը բացայայտել է սեփական վարկանիշը բարձրացնելու եւ միջազգային հարթակներում Բաքուի օգտին լոբբինգ անցկացնելու համար Ադրբեջանի կողմից  կաշառուած ԱՄՆ-ի Կոնգրէսի անդամներին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, «Որտե՞ղ է անցնում սահմանը իրավիճակին ծանօթանալու համար ԱՄՆ Կոնգրէսի անդամների գործուղման եւ զուարճալից ճանապարհորդութիւնների միջեւ» վերնագրով խմբագրական յօդուածում թերթը կարծիք է յայտնում, որ այդ հարցը պէտք է իրենց տան 10 կոնգրէսականներ եւ նրանց աշխատակազմերի 32 աշխատակիցներ, որոնք անցած տարիներին այցելել են Ադրբեջան:

«Էթիկայի գծով տեսուչները յայտնաբերել են, որ երկու տարի առաջ կազմակերպիչների կողմից ամբողջութեամբ փոխհատուցուած Բաքու նրանց այցը գաղտնի կերպով ֆինանսաւորուել էր Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան (SOCAR) կողմից: Հնարաւոր է` դրանով խախտուել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի էթիկայի կանոնները եւ դաշնային օրէնքները, որոնք արգելում են արտասահմանեան կառավարութիւնների միջամտութիւնը ԱՄՆ-ի քաղաքականութեանը», -ասւում է յօդուածում:

Կոնգրէսի էթիկայի գծով վարչութեան զեկոյցի համաձայն, որը վերջերս յայտնուել էր The Washington Post թերթի տնօրինութեան տակ (տես. 10 կոնգրէսականներ ճանապարհորդել են, ինչը գաղտնի կերպով ֆինանսաւորել է արտասահմանեան պետութեան կառավարութիւնը), կոնգրէսականների համար նուէրները, հիւրանոցներում նրանց բնակուելը եւ աւիատոմսերը վճարել է Ադրբեջանի հանրապետութեան պետական նաւթային ընկերութիւնը (SOCAR):

The New York Times-ը էթիկայի յանձնաժողովին խորհուրդ է տալիս աւելի ուշադիր ստուգել ճանապարհորդութիւնների ծրագրերը եւ պարզել, թէ ովքեր են դրանց իրական հովանաւորները: Թերթը «խիստ կարեւոր» է անուանել որպէս անկախ մարմին Կոնգրէսի էթիկայի գծով վարչութեան դերը: