Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Միացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ, 73-ամեայ Հանրապետական Դենիս Հասթերթի դէմ մի քանի մեղադրանք է առաջադրուել, այդ թւում՝ Հետախուզութեան դաշնային ծառայութեանը սուտ տեղեկութիւն տալու համար:

Ըստ մեղադրականի, 2010-2014 թուականներին նա պարբերաբար գումար է փոխանցել դեռեւս ինքնութիւնը չբացայայտուած մի անձի, որպէսզի վերջինս չբացայայտի անցեալում նրա թոյլ տուած սխալը: Ընդհանուր հաշուով՝ գումարը 3,5 միլիոն դոլար է:

Երբ Հետախուզութեան դաշնային ծառայութեան աշխատակիցները փորձել են Հասթերթից պարզել, թէ ինչու՞ է նա իր տարբեր բանկային հաշիւներից պարբերաբար զգալի գումար հանում, նա ստել է՝ պնդելով, թէ չի վստահում բանկերին ու ցանկանում է կանխիկացնել իր գումարը:

Դենիս Հասթերթը Ներկայացուցիչների պալատի խօսնակի պաշտօնը զբաղեցրել է 1999-2007 թթ. եւ աչքի է ընկել հակահայ դիրքորոշմամբ: Օրինակ՝ 2000 թ. Կոնգրէսի Ներկայացուցիչների տան արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը Ցեղասպանութիւն էր ճանաչել 1915 թ. հայկական կոտորածները, սակայն Հասթերթի նախաձեռնութեամբ բանաձեւի նախագիծը վերջին պահին հանուել էր Կոնգրէսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստի օրակարգից:

Դեռ տարիներ առաջ Հետաքննութիւնների դաշնային Բիւրոյի իրազեկող Սիբիլ Էդմոնդսը «Վենիթի Ֆաիր» ամսաթերթին ասել էր, որ Միացեալ Նահանգներում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծերի ու բանաձեւերի ընդունման խոչընդոտելու համար թուրքերը տասնեակ հազարաւոր դոլարներ են տրամադրում նրան: