Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն յայտարարել է, թէ «համաշխարհային քաղաքականութիւնում տիրում է ոչ թէ միջազգային իրաւունքը, այլ երեսպաշտութիւնը, երկակի ստանդարտները, ռասիզմը, իսլամաֆոբիան ու այլատեացութիւնը»: Ինչպէս յայտնում է Trend-ը, Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է Նովրուզ բայրամի առթիւ ունեցած ելոյթի ընթացքում:
«Մեր անկախ քաղաքականութիւնը բոլորին չէ, որ դուր է գալիս: Այդ պատճառով մեծանում է մեզ վրայ գործադրուող ճնշումը: Այսօր արտասահմանեան որոշ շրջանակներ բացայայտ արշաւ են իրականացնում Ադրբեջանի դէմ: Մենք պատրաստ ենք դրան: Այդ արշաւը, իրականում, երբեւէ չի դադարեցուել: Պարզապէս կարեւոր միջազգային միջոցառումների նախօրէին այդ արշաւն էլ աւելի սոսկալի տեսք է ստանում: Մենք դրա հետ բախուեցինք երեք տարի առաջ՝ 2012-ին, «Եւրատեսիլ» մրցոյթից առաջ: Մենք դա այսօր էլ ենք տեսնում, առաջին Եւրոպական խաղերի շեմին»,- յայտարարել է Իլհամ Ալիեւը:
«Ադրբեջանում ազատ հասարակութիւն է ձեւաւորուել: Ապահովուած է ազատ լրատուութիւն: Չկայ համացանցի որեւէ սահմանափակում, կայ ազատ համացանց: Ապահովուած է հաւաքների ազատութիւնը: Ի տարբերութիւն որոշ երկրների՝ լիովին ապահովուած է խղճի, դաւանանքի ազատութիւնը: Բայց տեսէք թէ ինչ իրավիճակ է այն երկրներում, որոնց ներսում որոշակի շրջաններ փորձում են մեզ մեղադրել: Բառացիօրէն երէկ Եւրոպայի կենտրոնում ծեծի են ենթարկուել, վիրաւորուել ու ձերբակալուել հարիւրաւոր ցուցարարներ: Այլ վայրերում մարդկանց խեղդամահ են անում, գնդակահարում ու սպանում են: Եւ ոչ ոք պատասխանատուութիւն չի կրում: Որտե՞ղ են այն ոչ կառավարական կազմակերպութիւնները, որ մեղադրում են մեզ: Ինչու՞ են լռում: Ինչու՞ չեն աղաղակում: Ինչու՞ չեն մեղադրում այդ երկրներին: Քաջութիւն չունե՞ն, թէ՞ դա երկակի ստանդարտների քաղաքականութիւն է: Ինչու՞ միջազգային կառոյցները յայտարարութիւններ չեն տարածում: Ինչու՞ բանաձեւեր չեն ընդունւում: Շատ դժուար է այս հարցերին պատասխաններ ստանալ: Արտասահմանեան գործընկերների, միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում ես բացայայտօրէն իրենց եմ ուղղում այս հարցերը: Ցաւօք, այսօր համաշխարհային քաղաքականութիւնում տիրում է ոչ թէ միջազգային իրաւունքը, այլ երեսպաշտութիւնը, երկակի ստանդարտները, ռասիզմը, իսլամաֆոբիան ու այլատեացութիւնը»,- յայտարարել է Ադրբեջանի նախագահը: