Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Եկեղեցու ուսուցիչ» կոչում է շնորհել հայ միջնադարեան հոգեւորական, աստուածաբան, բանաստեղծ եւ փիլիսոփայ Գրիգոր Նարեկանցուն:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Vatican Radio-ն: Մինչ Մեծ պահքի համար Արիկա քաղաք մեկնելը՝ Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանութեան ղեկավար, կարդինալ Անգելօ Ամատօնիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է տասներորդ դարի հայ սրբին համընդհանուր եկեղեցու տիտղոս շնորհելու առաջարկութիւնը:
Կայքը գրում է, որ Գրիգոր Նարեկացին ծնուել է գրողների ընտանիքում մօտ 950 թուականին Հայաստանի փոքրիկ գիւղում, որը կոչւում էր Նարեկ: Նա մօրը կորցնում է վաղ հասակում, հայրը` Խոսրովը, յետագայում դառնում է արքեպիսկոպոս: Նարեկացին մանուկ հասակից կապուած էր Ռշտունեաց աշխարհի Նարեկ գիւղի վանքի հետ, որտեղ էլ եղբօր հետ կրթւում եւ դաստիարակւում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մէկի՝ Անանիա Նարեկացու մօտ, որը նաեւ Գրիգորի մօր հօրեղբայրն էր։
Իւրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական եւ ինքնուրոյն ձեռագիր կրօնափիլիսոփայական գրականութիւնը՝ Գրիգոր Նարեկացին յետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սիւներից մէկը։ Ուսումը ստանալուց յետոյ Գրիգորը վարդապետ է ձեռնադրուել նոյն Նարեկայ վանքում եւ ստացել Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների եւ անբասիր վարքի շնորհիւ Նարեկացին շուտով մեծ համբաւ է վաստակում։ Նրա մասին հիւսւում են զանազան աւանդութիւններ, որոնց մի մասը բանաւոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։ Գրիգոր Նարեկացուց մնացել են բաւական թուով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թուով 30-ից աւելի), «Մատեան ողբերգութեան» պօէմը, թղթեր եւ այլ գործեր։ Այդ երկերից լաւագոյնները տաղերն են եւ «Մատեան ողբերգութեան» քնարական պօէմը։ Գրիգոր Նարեկացին վախճանուել է 1003 թուականին եւ թաղուել է Նարեկայ վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակայ հայ բնակչութեան համար։