Աղբիւր՝ www.tert.am

 

Գալիպոլիի մարտերի 100-րդ տարուան նուիրուած տօնակատարութիւնները Թուրքիայում չեղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականութեանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականին յայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնից:

Աւելի վաղ թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականը, յենուելով կառավարութիւնում իր աղբիւրների վրայ, տեղեկութիւն էր հրապարակել այն մասին, որ Գալիպոլիի միջոցառումները չեղեալ են յայտարարուել:

Ըստ անանուն աղբիւրի՝ պատճառն այն էր, որ պետութիւնների ղեկավարները չեն ցանկանում այցելել Անկարա եւ այդպիսով ստուերել Երեւանում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները:

«Գալիպոլիի տօնակատարութիւնները չեղեալ են յայտարարուել: Բոլոր նախապատրաստութիւնները դադարեցուել են՝ հաշուի առնելով հրաւէրների նկատմամբ ոչ դրական վեր բերմունքը: Միայն հինգ պետութիւններ են ընդունել հրաւէրը, սակայն նրանք էլ ներկայացուած չեն լինելու բարձրաստիճան պաշտօնեաների մակարդակով»,- ասել էր աղբիւրը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յունուարին յայտարարեց, որ ապրիլի 24-ին իրենք նշելու են Գալիպոլիի մարտերի հարիւրերորդ տարին: Ի թիւս 102 պետութիւնների ներկայացուցիչների՝ պաշտօնական Անկարան այդ միջոցառումներին հրաւիրեց նաեւ Հ.Հ.-ի Նախագահ Սերժ Սարգսեանին:

Հ.Հ.-ի Նախագահը մերժեց այն՝ ասելով. «Մեզ մօտ ընդունուած չէ հիւրընկալուել հրաւիրուողին՝ առանց սեփական հրաւէրի պատասխանը ստանալու»: