Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Անկարան աւելի ու աւելի շատ է յայտարարութիւններ անում, իր բնորոշմամբ՝ 1915 թուականի դէպքերի մասին։
Կոլումբիայում նրա պաշտօնական այցին կազմակերպուած «1915 թուական. Օսմանեան կայսրութեան ամենաերկար տարին» սիմպոզիումի ընթացքում նախագահ Ռեջեփ Էրդողանը յայտարարել է, թէ հայկական Սփիւռքի հակազդեցութեան պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում։
Նա պնդել է, թէ «1915-ի դէպքերի 100-ամեակին» անցեալի իրողութիւնների շուրջ քննարկումներն առողջ հունով չեն ընթանում։
Ինչ վերաբերում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամեակի հանդիսութեանը, որի առիթով Թուրքիայի նախագահն այս տարի ապրիլի 24-ին բազմաթիւ երկրների ղեկավարների, այդ թւում՝ Հայաստանի նախագահին է հրաւիրել։ Էրդողանն ասել է. «Կը ցանկանայինք, որ գային ապրիլի 24-ին, այդ մթնոլորտը փորձէին զգալ, հասկանալ, որ մենք էլ հազարաւոր զոհեր ենք տուել։ Սակայն դա չեն անում։ Քաղաքավարութեան կանոնները ոտնահարող յայտարարութիւններով մէկ անգամ եւս փակեցին խաղաղութեան, երկխօսութեան ճանապարհը»։