Աղբիւր՝ www.tert.am

 

Հայ դասական երաժշտութեան հիմնադիր համարուող Կոմիտաս վարդապետի ծննդավայր Քութահիայում դեռ պահպանուել է այն տունը, որտեղ նա ծնուել է:

Թուրքական Yeni Kutahya կայքն անդրադարձել է Սողոմոն Սողոմոնեանի՝ Կոմիտասի կեանքի պատմութեանն ու նշել, որ տունը, որտեղ նա ծնուել է, դեռ կանգուն է:

Կայքը կենսագրական փաստեր է ներկայացրել ընթերցողներին՝ յիշեցնելով, որ Կոմիտասը մօտ 4,000 հայերէն, քրդերէն, թուրքերէն ժողովրդական երգեր է հաւաքել ու նոտագրել` ապահովելով, որ այդ երգերը հասնեն մինչեւ մեր օրեր:

«7,000 տարուայ պատմութիւն ունեցող Քութահիան իր գոյութեան ընթացքում բազմաթիւ արժէքներ, վառ անհատականութիւններ է ունեցել, որոնց շնորհիւ կարող է մշակութային զբօսաշրջութիւնը զարգացնել:  Գնելով Կոմիտասի տունը՝ կարելի է այն երաժշտական թանգարանի վերածել եւ ամէն տարի Կոմիտասի անունով դասական երաժշտութեան փառատօներ, միջոցառումներ կազմակերպել»,- գրում է կայքը: