Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Յունւարի 19-ին լրացաւ Թուրքիայի երկլեզու «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան 8-րդ տարելիցը:

Ըստ «Երկիր Մեդիայ»-ի հաղորդման, առաւօտեան Ստամբուլի Քուրթուլուշ փողոցից դէպի Էրգենեկոն փողոց յիշատակի երթ էր կազմակերպել Թուրքիայի «Ժողովրդայ-դեմոկրատական կուսակցութեան»՝ հայաշատ Շիշլի համայնքի մասնաճիւղը: Ակցիայի մասնակիցները քաղաքային իշխանութիւններին խնդրագիր էին յղել, որով առաջարկում էին Էրգենեկոն փողոցը վերանուանել Հրանտ Դինքի անունով:

«Ակօս» թերթը գրում է, որ ինչպէս նախորդ տարիներին, այս տարի եւս «Էրգենեկոն փողոց» ցուցանակի վրայ ակցիայի մասնակիցները փակցրել են «Հրանտ Դինքի փողոց» գրութիւնը: Անուանափոխութեան ստորագրահաւաքը բաց կը մնայ մինչեւ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակման օրը: Շուրջ 50 հոգանոց խումբն ակցիայի ժամանակ պաստառ է պարզել, որի վրայ գրուած է եղել՝ «Դէմքով շրջուել դէպի Հրանտը, դէմքով շրջուել դէպի Ցեղասպանութիւնը»: Նրանք նաեւ վանկարկել են՝ «Քրդեր, թուրքեր եւ հայեր՝ կեցցէ ժողովուրդների եղբայրութիւնը», «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»: