Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Իհլաս» լրատու գործակալութիւնը հաղորդում է, որ Թուրքիայի զինեալ ուժերի սպայակոյտի հետախուզութեան վարչութեան նախկին պաշտօնատար Իսմայիլ Փեքինը պնդել է, որ Հրանդ Դինքի սպանութեան հետ առնչութիւն ունեն օտարերկրեայ գաղտնի սպասարկութիւնները:
Նա այդ մասին ասել է Սաքարիայի համալսարանում «Ցեղասպանութիւնն ու իրողութիւնները» խորագրով Հայոց ցեղասպանութիւնը ժխտող խորհրդաժողովի ընթացքում իր արտասանած խօսքի մէջ:
«Թուրքերը հայերի նկատմամբ ատելութիւն չեն զգում: Թերեւս պատերազմի ընթացքում եղել է, սակայն դրանից դուրս ատելութիւն չկայ: Հայերին կանխամտածուած չեն սպանել, ցեղասպանութիւն չի եղել»,- պնդել է նա։
Նա յայտնել է, որ Հրանդ Դինքի սպանութիւնը եթէ լաւ ուսումնասիրուի, ապացուցուելու է օտար հետախուզութիւնների դրա հետ ունեցած կապը:
«Սպանութիւնը գործուել է` այդ հարցերում պահանջները, պնդումներն ընդունել տալու եւ Թուրքիայի ու Հայաստանի յարաբերութիւնների վիճակը վատթարացնելու նպատակով: Այս սպանութեան միջոցով թուրք հասարակութեան շրջանակում հայերի նկատմամբ լաւ վերաբերմունք ձեւաւորուեց»,- ասել է Փեքինը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն, պատասխանելով «Հաբերթուրք» լրատու կայքի հարցումներին, անդրադարձել է «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանդ Դինքի սպանութեանը: Դաւութօղլուն նախ պատմել է, որ Դինքի հետ ծանօթացել է գիտական գործունէութեան շրջանակում, միասին մասնակցել են մի շարք խորհրդաժողովների: Անջնջելի տպաւորութիւն է ձգել յատկապէս այն դէպքը, երբ մի անգամ Պոլսի փաստաբանների միութեան մէջ տեղի ունեցած բաց նիստի ընթացքում Դինքը խօսք առնելով ասել է. «Եթէ նոյնիսկ մենք գեաւուր (անհաւատ) ենք, ձեր գեաւուրներն ենք, այս հողերի գեաւուրներն ենք»:
Դաւութօղլուն համոզում է յայտնել, որ Դինքի սպանութիւնը պատահականութիւն չէր: «Բնաւ չեմ կարող մոռանալ սպանութեան օրը: Լուրն առայ եւ տխրեցի: Անմիջապէս հեռաձայնեցի այդ ժամանակուայ Արտաքին գործոց նախարար Աբդիւլլահ Գիւլին: Ես Պոլսում էի, նա` Անգարայում: Առաջարկեցի, որ սփիւռքին կոչ անենք Պոլիս գալու եւ մասնակցելու յուղարկաւորութեանը, հեռաձայնելու եւ պաշտօնապէս հրաւիրելու նաեւ մեր դեսպանները: Կանչեցինք, բոլորն եկան: Իսկական յեղափոխութիւն էր: Ժողովուրդը տէր կանգնեց Հրանդ Դինքին: Մեր բոլոր թաբուները մէկ առ մԷկ անհրաժեշտ է կոտրել»:
Հարցումին, թէ արդեօք Դաւութօղլուն հանդիպելո՞ւ է Դինքի ընտանիքին, վարչապետը պատասխանել է, որ կարելի է: Նա նաեւ յիշեցրել է ազգութեամբ հայ Էթիեն Մահջուբեանին իր գլխաւոր խորհրդականի պաշտօնին նշանակելու մասին` վստահեցնելով, որ դա արել է ոչ թէ նրա ազգային պատկանելիութեան, այլ մտաւորական կարողութիւնների եւ նրա հանդէպ վստահութիւն ունենալու համար: