Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հոլանդիայի Աշխատաւորական կուսակցու-թիւնը հեռացրել է իր՝ ծագումով թուրք երկու պատգամաւորի նախ խորհրդարանական խմբակցութիւնից, ապա կուսակցութիւնից: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, այս մասին տեղեկացնում է Հոլանդիայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը:

Թունահան Կուզուն եւ Սելջուկ Օզթուրքը կտրականապէս դէմ էին Աշխատաւորական կուսակցութեան նախարար Աշերի ծրագրին՝ Հոլանդիայում գործող չորս թուրքական կազմակերպութիւններում ստուգումներ անցկացնելու մասին: Ըստ նախարարի՝ այդ կազմակերպութիւնները չունեն թափանցիկ գործունէութիւն եւ գտնւում են Թուրքիայի կառավարութեան խիստ ազդեցութեան տակ:

Թուրք պատգամաւորները կարողացել են Աշխատաւորական կուսակցութեան ցանկով խորհրդարան թափանցել, այսպէս կոչւած «գերադասութեան քւէներով»: Հոլանդիայի ընտրական օրէնքը թոյլ է տալիս կուսակցութեան ցուցակից ընտրել այն անձին, որին գերադասում ես: Հէնց այս ձեւով էլ նրանք հաւաքելով տասնեակ հազարաւոր թուրք բնակիչների ձայները՝ անցել են խորհրդարան:

Թուրքական չորս կազմակերպութիւններից մէկը «Դիանէթ» կազմակերպութիւնն է, որն ընդգրկում է Հոլանդիայում գործող թուրքական մզկիթների կէսը: Հէնց այս կազմակերպութիւնն էր, որ 2014 թւականի յուլիսի 1-ին կազմակերպեց Ալմելոյի բազմահազարանոց հակահայկական ցոյցը՝ ուղղւած Ալմելոյում Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին նւիրւած յուշարձանի բացմանը: Ցոյցի կազմակերպիչների նկատմամբ յարուցւած է քրէական գործ՝ ազգամիջեան ատելութիւն սերմանելու մեղադրանքով, քանի որ ցոյցի ժամանակ հնչել են անթոյլատրելի կոչեր, ինչպիսիք են՝ «Ղարաբաղը կը դարձնենք հայերի գերեզման»: Քրէական գործը յարուցել են Հոլանդիայի Հայ Դատի յանձնախումբը եւ Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիան: