Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Ռ.Ի.Ա. Նովոսթի»-ն հաղորդում է, որ Սպիտակ տան բանբեր Ջոշ Էռնեսթը յայտնել է. «Մենք բազմիցս ասել ենք, որ մենք բաց ենք թրքական կողմի հետ այլազան տարբերակներ քննարկելու համար, եւ մենք գնահատում ենք նրա տեսակէտը, սակայն այս հարցի մէջ մենք չենք կարծում, որ թռիչքների արգելեալ գօտու ստեղծումը բխում է Սիրիայի մէջ ստեղծուած վիճակի լուծման շահերից»:
Նա ընդգծել է, որ Վաշինգթոնում գնահատում են Թուրքիայի հետ «սերտ աշխատանքային կապերը» եւ բանակցութիւնները շարունակուում են:
Անկարան շատոնց արդէն պնդում է սահմանի մօտ` Սիրիայի տարածքի մէջ թռիչքների արգիլեալ գօտի ստեղծելու անհրաժեշտութեան մասին, սակայն Միացեալ նահանգները շարունակում է դէմ արտայայտուել այդ նախաձեռնութեանը, ինչ որ պատճառ է դառնում թուրք-ամերիկեան յարաբերութիւնների մէջ որոշակի լարուածութեան:
Ամերիկեան «Վոլ Սթրիթ Ժուռնալ» օրաթերթը հաղորդել էր, որ Թուրքիայի հետ Միացեալ նահանգների տարակարծութիւնները Թուրքիայի պահանջների տարազի հիմամբ լուծման ճանապարհի վրայ են գտնուում: Ըստ այդ տարազի, ամերիկեան ուժերին եւ նրանց դաշնակիցներին արտօնուում է Ինջիրլիքի օդուժի զօրակայանն օգտագործել Դ.Ա.Է.Շ.-ի դէմ յարձակումներ գործելու համար եւ դրա փոխարէն «ստեղծուում է ապահովական նեղ մի գօտի»:
Օրաթերթը նշում է, որ Թուրքիայի հետ տարակարծութիւնների վիհը կամրջելու ամերիկեան ջանքերը քննարկուել են մի քանի օր առաջ, Ազգային ապահովութեան խորհրդի ժողովի ընթացքում` Միացեալ նահանգների փոխնախագահ Ջօ Բայդընի Անկարա այցելութիւնից եւ նախագահական յատուկ պատուիրակ Ջոն Ալընի թուրք պաշտօնատարների հետ հանդիպումների արդիւնքներին ծանօթանալուց յետոյ:
Օրաթերթը հաղորդում է, որ թուրք պաշտօնատարներն երկու կողմերի միջեւ փոխադարձ հասկացողութեան շրջանակում սերտում են Սիրիայի հետ սահմանի մէկ բաժնի վրայ «պաշտպանուած շրջան»-ի ստեղծումը, որովհետեւ Օբամայի վարչակարգը մերժել է Թուրքիայի առաջարկած իրաքեան սահմանից մինչեւ Լաթաքիա երկարող թռիչքների արգելեալ պաշտօնական գօտու ստեղծումը: Անկարան տեղեակ է պահուել, որ ապահովական գօտու ստեղծումը յարձակումի եւ սիրիական վարչակարգի դէմ պատերազմի յայտարարութեան համազօր է:
Ըստ բարեփոխուած տարազի, նախատեսուում է ստեղծել «ապահովական նեղ մի գօտի… որ սիրիական հակաօդային պաշտպանութեան համակարգերի դէմ օդային յարձակումների կարիք չի ունենալու, եւ նրա նպատակն է սիրիական վարչակարգին տողատակի մի զգուշացում ուղղել, որ հեռանայ գօտուց, «այլապէս պատժական տնօրինման կենթարկուի»:
Ամերիկացի մի պաշտօնատար «Վոլ Սթրիթ Ժուռնալ»-ին յայտնել է, որ Միացեալ նահանգները չի մտածում մինչեւ Հալէպ երկարող թռիչքների արգելեալ գօտու ստեղծման մասին` աւելացնելով, որ թռիչքների սահմանափակ արգելեալ մի գօտի արդէն իսկ իրողապէս գոյութիւն ունի Արաբ Բունարի մէջ: Նա աւելացրել է, որ իր երկիրը թռիչքների սահմանափակ արգելեալ մի գօտու ստեղծումին զօրակցում է` զգուշանալով սիրիական օդուժին հետ բախում ունենալուց:
Միւս կողմից, ամերիկեան աղբիւրներն երէկ «Հայաթ» օրաթերթին յայտնեցին, որ «Վոլ Սթրիթ Ժուռնալ»-ի մէջ լոյս տեսած այն տեղեկութիւնը, թէ ամերիկեան եւ թրքական կողմերը Սիրիա-Թուրքիա սահմանի վրայ ապահովական մ գօտի ստեղծելու շուրջ մի համաձայնութիւն գոյացնելու մօտ են, ճիշդ է` աւելացնելով, որ նշեալ գօտին մինչեւ Հալէպ քաղաքը չի հասնելու եւ թռիչքների արգելեալ գօտի չի սեպուելու, այլ` սիրիական ընդդիմութեան եւ նրա պատրաստութեան գործողութեան մի պաշտպանութիւն:
Ամերիկեան աղբիւրները նախատեսեցին, որ մօտ օրից թրքական կողմը արտօնութիւն է տալու Դ.Ա.Է.Շ.-ի դէմ օդային հարուածներ կատարելու համար Ինջիրլիքի օդակայանի օգտագործմանը: