Աղբիւր՝ www.alikonline.ir
«Արցախ նահանգը մշտապէս Հայաստանի մաս է կազմել»,- այդ մասին իրանական «ir.Diplomacy.ir» կայքի հետ ունեցած հարցազրոյցում նշել է Իրանի իսլ. խորհրդարանի հայազգի պատգամաւոր դկտր. Կարէն Խանլարեանը:
Հայազգի պատգամաւորը, անդրադառնալով Արցախեան հակամարտութեան դրդապատճառներին, մասնաւորապէս նշել է. «1921 թւականին Խորհրդային միութեան ղեկավարութիւնը Արցախն ու Նախիջեւանը Հայաստանից անջատեց եւ դրանք միացրեց Ադրբեջանին, եւ սա այն դէպքում, երբ նշւած շրջաններում հայեր էին ապրում. Խ.Ս.Հ.Մ.-ի փլուզումից յետոյ հասունացաւ պատմական տարածքները ազատագրելու հարցը»:
Դկտր. Խանլարեանն անդրադառնալով Լ.Ղ.-ի հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշմանը, մասնաւորապէս նշել է. «Թուրքիան հակամարտութեան սկզբից ի վեր ոչ-կառուցողական դեր է ունեցել. հակառակ Թուրքիայի՝ Իրանի իսլամական հանրապետութիւնը մշտապէս պնդել է, որ խնդիրը պէտք է լուծւի խաղաղ ճանապարհով, սակայն Թուրքիան միակողմանի քաղաքականութիւն է վարել՝ աջակցելով Ադրբեջանին»:
Յիշեցնենք, որ Հ.Հ.-ում Իրանի նախկին դեսպան Սէյեդ Ալի Սաղայեանը, օրերս «ir.Diplomacy.ir»-ին տւած հարցազրոյցում, անդրադառնալով Լ.Ղ.-ի հակամարտութեան հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնաւորապէս նշել է. «Իրանի իշխանութիւնների դիրքորոշումն այն է, որպէսզի բոլոր հակամարտութիւնները, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծւեն խաղաղ ճանապարհով. հակամարտութեան լուծումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդի շահերից»: