Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ուելսի արքայազն Չարլզը նոյեմբերի 19-ին Լոնդոնի Սուրբ Եղիշէ հայկական եկեղեցում դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցական համալիրի աւերումը եւ «Իսլամական պետութեան» զինեալների յարձակումները Մերձաւոր արեւելքի քրիստոնեաների վրայ:

«Դա չափազանց հոգեցունց ողբերգութիւն է»,- ասել է նա:

Արքայազն Չարլզը նշել է, որ Մերձաւոր արեւելքի հայ քրիստոնեաները երկար ժամանակ խաղաղութեան մէջ են ապրել իրենց հարեւանների հետ:

Իսկ այցելելով հայկական եկեղեցի, նա նպատակ ունէր միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելու Միջին արեւելքի քրիստոնեաների, այդ թւում՝ Իրաքի եւ Սիրիայի հայ համայնքների դէմ յարձակումների վրայ:

Արքայազն Չարլզի այցելութեանը եկեղեցում էին նաեւ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները, Միացեալ թագաւորութիւնում Հայաստանի դեսպան Արմէն Սարգսեանը եւ այլոք: