Աղբիւր՝ www.yerakouyn.com
Թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը թրքական «Taraf» պարբերականի մէջ ներկայացրել է «Հարուորդ»-ի համալսարանում նշանաւոր պոլսահայ լրագրող Հրանդ Դինքին նուիրուած համաժողովի մանրամասնութիւնները:
Աքչամի յօդուածը ներկայացնում ենք կրճատումներով.
«Հարուորդի համալսարանը գեղեցիկ եւ նշանակալից հաւաքի կազմակերպիչ դարձաւ: 250 հոգիանոց դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ ոտքի էին մնացել կամ էլ նստել էին յատակին: Յետոյ ստիպուած եղան դռները փակ պահել, եւ տասնեակ մարդիկ չկարողացան ներս մտնել:
Հրանդի սպանութիւնը իրականացնողները եւ նրանց յանցակիցները նկատի ունենալով` ասաց. «Տէ՛ր Աստուած, ների՛ր նրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում: Աւելի ուշ իմացայ, որ դրանք Քրիստոսի խօսքերն են:
Հարուորդի համալսարանում Հրանդ Դինքի պատուին ամենամեայ համաժողովներ կազմակերպելը Հարի Փարսեքեանի երազանքն էր: Հարին ծնւել է Բոսթոում, սակայն ասում է, որ հայ է` Կեսարիայից:
Հօր ծննդավայրը Նիրզէն է, եւ մեր կողմերը նրան չճանաչող չկայ: Տարին 4-5 անգամ Թուրքիա է գալիս:
Նրա ամենամեծ երազանքը հայերի եւ թուրքերի հաշտեցումն ու հանդիպումն է: Շատ է ցանկանում, որ թուրքերն իմանան իրենց անցեալը: Ամենամեծ հարցն էլ հետեւեալն է. «Ի՞նչ անեմ, որ թուրքերն էլ իրենց պատմութիւնն իմանան եւ մեր ցաւը հասկանան»: Հրանդը նրա համար այդ պատճառով կարեւոր է:
Երբ Հրանդի սպանութեան լուրը լսել է, սկսել է աշխատել` նրա ճանապարհով քայլելու եւ նրա ջանքերը շարունակելու ուղղութեամբ:
Հարիի գլխաւորութեամբ Բոսթոնում «Հրանդ Դինքի ընկերներ» անուամբ մի խումբ է ստեղծուել` նպատակը Դինքին ներկայացնելն է, ինչպէս նաեւ Ա.Մ.Ն.-ի ընձեռած հնարաւորութիւններից օգտուելով` Հրանդի գաղափարներով հայ-թրքական մերձեցման օժանդակելն է: Նա փորձում է բացատրել, որ ինչ որ Մարթին Լիւթեր Քինգն էր (ամերիկացի սեւամորթ քարոզիչ, որ առաջնորդել է Ա.Մ.Ն.-ի մէջ քաղաքացիական իրաւունքների զանգուածային շարժումը` 1950-ականներից սկսած) Ա.Մ.Ն.-ի համար, նոյնն էր Հրանդը` Թուրքիայի մէջ:
Աշխարհի ամենահեղինակաւոր համալսարանում Հրանդ Դինքի անունով նախագիծ սկսել էր ուզում, որն զբաղուելու էր ոչ միայն հայ-թրքական հարցերով, այլեւ ողջ աշխարհում անարդարութեան հանդիպած, օտարուած, կոտորածներ տեսած ժողովուրդների, մարդու իրաւունքների եւ արդարութեան որոնման հարցերով:
Ահա Ռաքէլ Դինքն այս ժողովի բացմանը մասնակցում էր:
Առաջին ելոյթ ունեցողը Քոլումբիա համալսարանից Միջին արեւելքի յայտնի մասնագէտ Ռաշիդ Խալիդին էր, որի ելոյթը վերնագրուած էր «Առաջին համաշխարհային պատերազմի չապաքինուած վէրքերը. Հայաստան, Քիւրդիստան եւ Պաղեստին»:
Խալիդին անցեալն այսօրուան կապող շատ կարեւոր եւ գեղեցիկ ելոյթ ունեցաւ: Հայերը, քիւրդերն ու պաղեստինցիները Միջին արեւելքում ցաւ քաշող երեք ազգեր են: Հայերը ցեղասպանութեան ենթարկուած, քիւրդերն ու պաղեստինցիները ճնշուած են ու հալածուած: Արեւմուտքն այս երեք ազգերին էլ մեծ խոստումներ է տուել, սակայն դրանցից ոչ մէկը չի իրագործել:
Խալիդին հարցը հասցնում է մինչեւ մեր օրերը: Այսօր այս երեք ժողովուրդների ցաւերը չեն ճանաչում: Հայերն իրենց բնօրրանը համարուող հողերում չեն արդէն, սակայն արդարութիւնը չի հաստատուում, ժխտուում է: Քիւրդերն ու պաղեստինցիներն էլ պետութիւն ստեղծելու իրենց իրաւունքից դեռ շատ հեռու են:
Ռաշիդի եզրափակիչ խօսքերը շատ կարեւոր էին. «Քանի դեռ այս երեք ազգերի հիմնական իրաւունքները շարունակուում են մերժուել, Միջին արեւելքի մէջ խաղաղութիւն չի հաստատուելու»:
Հարուորդի պէս համալսարանում հայերի, քիւրտերի ու պաղեստինցիների խնդիրներին անդրադառնալը, բարձրաձայնելը կարեւոր քայլ է:
Հրանդը, կարծես, այս երեք ազգերի ցաւերի եւ արդարութիւնը որոնելու համատեղ խորհրդանիշն է»: