Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի բոլոր ծպտեալ հայերը մեծ մասամբ գիտեն իրենց հայ լինելու մասին, բայց Ցեղասպանութիւնից փրկուածները, որոնք 4-5 միլիոն են կազմում, հարիւր տարուայ ընթացքում ձուլման են ենթարկուել, ինչի արդիւնքում կարելի է ասել՝ քրդացել են, որովհետեւ հիմնականում քրդական տարածքներում են ապրել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ծագումով հայ, Սուրբ Կիրակոս եկեղեցու ատենապետների խորհրդի ղեկավար Թուրքայ Աբդուլգաֆուրը: «Կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ պէտք է տարուեն այս մարդկանց երեւան բերելու համար»,- ասաց նա:

Նա պատմեց, որ 3-4 տարի առաջ Դիարբեքիրում ընդամէնը 3-4 հոգի կային, որոնք ընդունում էին իրենք հայ լինելը, սակայն այսօր բազմաթիւ աշխատանքների արդիւնքում նրանք շատացել են եւ այդ հայերով նոյնիսկ տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Օրինակ` շաբաթուայ մէջ մէկ օր Սուրբ Կիրակոս եկեղեցում նախաճաշում են միասին:

«Ամենավերջին նախաճաշին 82 հոգի կար: Այսօր մօտաւորապէս 140-150 հոգի հայ կայ, որոնց մեծ մասը ինքնութեամբ մուսուլման են, սակայն տէր են կանգնում նաեւ իրենց հայկական ինքնութեանը»,-նշեց նա եւ աւելացրեց, որ Դիարբեքիրում հայ լինելը իսկապէս դժուար է, թէեւ 3-4 տարի առաջուայ համեմատ մթնոլորտն աւելի հանգիստ է:

Թուրքայ Աբդուլգաֆուրը նշեց, որ մտաւորականների շնորհիւ խղճով մարդկանց շրջանակը լայնանում է եւ որքան նման մարդիկ շատանում են, այնքան փոփոխութիւնը եւ առաջընթացը նկատելի է լինում:

Ինչ վերաբերում է իր հայ լինելուն, ապա նա ասաց, որ ինքն այդ մասին ի ծնէ իմացել է: «Մենք սասունցի ենք եւ Սասունում շատ մեծ ընտանիք ենք ունեցել, որից փրկուել է ընդամենը 3 հոգի` իմ պապիկը, պապիկիս եղբայրը, եւ եղբօր տղան: Մենք` Թուրքիայում մնացածներս միշտ գիտէինք, որ հայ ենք, եւ ընտանիքում քիչ իմացած հայերէնով ենք խօսել, սակայն տանից դուրս մենք մուսուլմանի ինքնութեամբ էինք ապրում»,-պատմեց նա:

Թուրքայ Աբդուլգաֆուրը նշեց, որ իր ինքնութիւնը հաստատող փաստաթղթի կրօնի բաժնում նախկինում գրուած էր իսլամ, սակայն հինգ տարի առաջ, երբ սկսեցին այս աշխատանքները, առաջին բանը, որն արել է, դա կնքուելն է եւ ինքնութեան քարտում քրիստոնեայ նշելն է եղել:

«Դա ինձնով սկսուեց եւ վերջին 3-4 տարուայ ընթացքում Դիարբեքիրում 25 հոգի մկրտուել է եւ ինքնութեան քարտում փոխել է կրօնի պատկանելիութիւնը»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի տարբեր տարածքներում հայերը ստեղծում են հայրենակիցների միութիւններ եւ փորձում այդպէս ինչ-որ բաների հասնել:

Հարցին, թէ հաշուի առնելով, որ Հայաստանը լրջագոյնս պատրաստւում է Ցեղասպանութեան 100–րդ տարելիցին, տեղեա՞կ է, թէ Թուրքիան ինչ հակաքայլեր է պատրաստւում իրականացնել, նա պատասխանեց.«Շատ լուրջ պատրաստութիւն կայ, որի մասին մենք հաստատ չգիտենք: Թէեւ կարող ենք ասել, որ քայլերը են արւում մտաւորականների մտքերը չորացնելու ուղղութեամբ»: