Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում յայտնի երգիչ Աթիլլա Թաշը տասը կէտով ներկայացրել է, թէ ինչու չի սիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ortasayfa-ում հրապարակուած «10 պատճառ` Էրդողանին չսիրելուս համար» վերնագրուած յօդուածում Թաշի թուարկած պատճառները հետեւեալն են.

1. Ասում է` ես եմ, ինչ ասեմ, դա կը լինի: Նրա էգոն ազգային շահերից շատ աւելի վեր է: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը ծաղրում է նրան եւ Թուրքիային, նա աշխարհի առաջնորդի տեղ է դրել իրեն:

2. Չափազանց քէնոտ է: Իրեն դէմ դուրս եկող լրագրողների, ընկերութիւնների սեփականատէրերի, ընդդիմադիրների, Զ.Լ.Մ.-ների, երկրների, դատաւորների, դատախազների, ոստիկանների, երիտասարդների, ուսանողների եւ այլոց թշնամին է: Դրա դիմաց` մէկից վարկով, միւսից այլ կերպ է վրէժխնդիր լինում:

3. «Կրօնի եւ հաւատքի միջեւ խտրականութիւն չեմ դնում» ասելով` կրօնի, հաւատքի եւ ռասայական խտրականութիւն է դնում: «Կը ներէք հայ» ասելով`հային, «Իսրայէլի վիժուածք» ասելով` հրեային, «ալեւի» ասելով` ալեւիի հանդէպ, առանց զգացնելու, դիրք է ընդունում:

4. Բաւական չէ` ոստիկանների կողմից սպանուած Բերքին Էլուանին, Աբդուլլահ Ջոմարդին, Ալի Իսմայիլ Քորքմազին եւ նման շատ երիտասարդների օգնութեան ձեռք չի մեկնում, նրանց ընտանիքներին վատաբանելով` ոչ մի պատասխանատուութիւն չի ստանձնում: Նրանց սրտերն անգամ չի շահում:

5. Ականջ փակելով աշխարհի քննադատութիւնների առաջ` կոպտօրէն անտեսում է մեծամասնութեանը: Բացարձակապէս չի ընդունում քննադատութիւնը:

6. Տեղի ունեցած իւրաքանչիւր սխալ բարդում է այլ կառոյցների վրայ: Պետութեան ձեռքով իր դէմ ստեղծում է երեւակայական թշնամիներ եւ սխալները բարդում ընդդիմադիրների վրայ:

7. Ինչ իշխանութեան է եկել, սպորտին, յատկապէս` ֆուտբոլին քաղաքականութիւն է խառնել: Ու այդքանից յետոյ դատապարտում է, թէ «ֆուտբոլի դաշտերում քաղաքականութիւն կայ»:

8. «Ես երկրում երեք միլիարդ ծառ եմ տնկել» ասելով` նոյնքան ծառ վերացնելու իրաւունք է իրեն վերապահել: Աշխատողների կամ զինուորների մահուանը նայում է որպէս սովորական երեւոյթի (մեղքի բաժին իր վրայ չի վերցնում), սակայն թոյլ չի տալիս, որ օրէնքն իր որդու կողքով անգամ անցնի:

9. «Ես աշխարհի առաջնորդ եմ» ասելով, Մերձաւոր արեւելքում «խաղեր սկսելով» եւ երկրների ներքին գործերին խառնուելով` Թուրքիան գցում է անյայտ արկածների մէջ:

10. Հանրապետութեան պատմութեան խոշորագոյն կոռուպցիոն սկանդալը բացայայտելու փոխարէն, այն որպէս հարուած որակելով, եւ նման շատ այլ կասկածելի դէպքերով, որոնց ցանկը շարունակ կ’երկարի, հանրութեան խիղճն է վիրաւորում:

Քեզ չեմ սիրում, Ռեջեփ Թայիփ Էրդողա՛ն (!): Պարտաւոր էլ չեմ քեզ սիրել (!):

Թարգմանութիւնը` Արազ Գայմագամեանի